Ashot Voskanyan Աշոտ Ոսկանյան

* 1949

  • Էդտեղ գիտե՞ք ինչ էր, մի քանի շերտ կարելի ա անջատել։ Նախևառաջ իրենք միտինգները շատ ռացիոնալ էին։ Ռացիոնալիստական էին։ Այ էստեղ շատ հետաքրքիր բան կար։ Այսինքն, տեսեք, այսօր մենք երբ որ նայում ենք մեր, ասենք, ընհանուր առմամբ էսպես ասենք՝ ամբողջ աշխարհում տարածված պոպուլիզմին, որ դու ասում ես այն, ինչ որ մարդկանց դուր է գալիս։ Այս միտինգների յուրահատկությունը այն էր, որ մարդիկ դուրս էին գալիս, ղեկավարները, ասում էին ոչ թե այն, ինչ որ մարդկանց դուր է գալիս, այլ այն, ինչ որ պետք է ասել։ Սա շատ հետաքրքիր տարբերություն էր, շատ հետաքրքիր տարբերություն էր։ Եթե չգիտեին էլ, ինչ պիտի ասել, ուղղակի, օրինակ, լինում էր՝ մարդիկ դուրս են գալիս ու սկսում են բարձրաձայն մտորել․ այ սենց պրոբլեմ ա, չգիտենք ինչ անել։ Վանոն տենց բնավորություն ուներ։ Մեկ էլ տեսար՝ կսկսեր մտորել միտինգի ժամանակ։ Բայց մթնոլորտը երբևէ թշնամական չէր։ Ինչու՞, որովհետև մեր կարևորագույն լոզունգը հետևյալն էր․ մենք ոչ մեկին դեմ չենք, մենք մեր կողմն ենք։ Եվ դրա համար, օրինակ, եթե ասենք թե հատուկենտ մարդիկ գտնվեին, որ կարող էին, չէ՞, մարդիկ գալիս էին՝ հարթակին՝ «մահ թուրքերին», անմիջապես բռնում էին, դուրս էին շպրտում, ասում էին՝ ոչ մեկին դեմ չենք, մենք մեր կողմն ենք, մենք լուծում ենք մեր հարցերը, մենք ոչ մեկի դեմ ուղղված չենք։ Դա վերևից էր։ Ինչ վերաբերում է ներքևից, ներքևից, այո, շատ էսպես բարեկամական, եղբայրական մթնոլորտ էր, իրար ջուր տալով, բան, հետո, օրինակ, ասենք էն առաջին օրերին երբ որ փող էր պետք, փող էին հավաքում։ Հիմա ցելաֆանի մի փաթեթ վերցնում են, ուղարկում են մարդկանց մեջ, ով ինչքան կարողանում ա, դնում ա մեջը։ Էլ չի հարցնում, թե էս փողը որ դրեցի, ու՞ր գնաց։ Էդ վստահությունը կար։ Եվ ձեզ մի բան ասեմ, որ հետաքրքիր էր, դա ինձ համար հետաքրքիր պահ էր։ Ես մի նամակ գրեցի ժամանակին։ Էդ նամակի պատմությունը բավական զվարճալի էր։ Ուրեմն «Լիտերատուրնայա գազետա»-ում բանը, ազգանունը մոռացա հիմա․․․ Անդրեյ, Անդրեյ, Անդրեյ․․․ որը հետագայում դառավ, կարող է հիշեք, ուրեմն, բանի, Ղարաբաղի պաշտպանության համար ստեղծված ռուս գրողների, ռուս գրողների, ուրեմն, հանձնաժողովի նախագահը դառավ։ Չգիտեմ ինչի, անունը մտքիցս թռավ։ Մի խոսքով, նա մի մեծ, ուրեմը, հոդված է գրում «Լիտերատուրնայա գազետա»-ում, որտեղ մեղադրում է մեր շարժմանը նրանում, որ նա խանգարում է վերակառուցմանը։ Որ այ, մենք ուրեմն փորձում ենք, էդպես էլ գրել էր, էդ արտահայտություններով, մենք փորձում ենք տեղից շարժել այս վաղուց ժանգոտած, փչացած, խայտառակ մեխանիզմը, որ մի կերպ, գոնե մի քիչ, ուրեմն, շարժենք տեղից, և ահա դուք էկել եք ձեր ազգայնական հարայ-հուրայով մեզ խանգարում եք, ուրեմն, վարկաբեկում եք վերակառուցումը, և այլը, և այլը, և այլը։ Եվ ես մի նամակ․․․ ուրեմը, էդ կարդացի, ասի՝ էս պիտի սրան պատասխանեմ, գիշերը նստեցի, նույն գիշեր նստեցի մի հատ, երեք հատ արագ նամակ գրեցի։ Հա։ Եվ իմ գրածը այն էր, որ կներեք, տղե՛ք, էդ որ դուք ասում եք վերակառուցում, էդ վերակառուցումը սա ա։ Էդ որ դուք ասում եք ժողովրդավարություն, էդ ժողովրդավարությունը սա ա, որովհետև երբ որ ես գնում եմ, տեսնում եմ էդ ահռելի կանգնած զանգվածը, երբ որ ես տեսնում եմ մի հատ անկապ կին, որը ասենք թե ընդեղ, ասենք թե իր, դե ամառ էր, չէ՞, սև գուլպաներ ա հագել, սև գուլպաների վրա սպիտակ էդ սանդալետներ, բասանոշկաներ, էդպես մի կատաստրոֆալ ձևով, էդպես կանգնել ա մատերը ցցած, և էն մյուս կողմից էլ ասենք երեխաները վազում են, ջուր են տանում մարդկանց, որպեսզի էդ շոգին մարդիկ ջուր խմեն, կներեք, սա ա դեմոկրատիան էդ ձեր ասած։ Դեմոկրատիան ձեր ասած վերացական մի բան չի։ Ես դա գրեցի էդ նամակը, որը կա, հիմա ունենք, որովհետև հետագայում, ուրեմն, բաներ կային, չէ՞, Կոմիտեն ուներ իրա լրատվական ծառայությունը, էն ժամանակ էդ բանի, կոմպյուտերային հատուկ ձևերով տպում էին և բազմացնում էին, ունեմ մինչև հիմա դա պահած։ Էդ նամակը ես ուղարկում եմ «Լիտերատուրնայա գազետա»։ Բնականաբար, ոչ մի պատասխան չեմ ստանում։ Բայց, անցնում է մի քանի ամիս, և մարդը, երևի իրեն հասցրել էին, դառնում է Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի նախագահ։

  • Մոտավորապես հետևյալը կարող եմ ասել, երբ որ, ուրեմն, հայտարարվեց, որ Կոմիտեի մի մասը ձերբակալել են, մի քանի հոգու, ինձ երեկոյան զանգահաերց մեր, ուրեմն, բանը, ըըը, Լևոն Սարգսյանը, հեր Լևոնը, ինչպես բոլորս իրեն ճանաչում ենք, ասեց՝ գիտես ինչ, էսպիսի բան կա, հիմա մեզ ասել են, որպեսզի մենք հավաքվենք առավոտյան ժամը 11-ին, ում որ կարող ես, ուրեմը, զգուշացրու, ես բոլորին խնդրում եմ՝ ով ում կարող է զգուշացնի։ Ես էլ երեկոյան վերցնում եմ իմ էդ գրքույկը, էն ժամանակ դե հեռախոսի մեջ չէր էդ ամենը, գրքույկի մեջ էր։ Նայում եմ, ով որ խելքից մի քիչ մոտ էր, որ իմաստ ունի ասել, բոլորին հերթով զանգահարում եմ, որ ժամը ուրեմը, ժամը 11-ին պետք է, ուրեմն, հավաքվեն, կարծեմ էն ժամանակ ասեցին Կասկադի մոտ էր, թե որտեղ, պիտի հավաքվեին։ Ուրեմն, մենք հաջորդ օրը գնում ենք, էնտեղ, ուրեմն, ասում են, որ սկզբից թող գնան կանայք, որպեսզի իբր կանանցից էսպես մի քիչ զգուշանան, հետո նոր արդեն տղամարդիկ։ Կանայք գնում են, էնտեղ պարզվում է արդեն քաշքշոց կա, բան կա։ Մի քանի հոգու ձերբակալում են։ Նու, նկատի չունեմ Կոմիտեի անդամներից, որովհետև իրենք ըտեղ չէին, ուղղակի մարդկանցից։ Նու, բավականին զվարճալի պատմություն էր։ Մեկ-երկու հոգի բռնել էին, դրել էին մի հատ մեեծ, ահռելի ռազմական էդ կռազի բանի մեջ, թափքի մեջ, մենք էլ իբր թե գնացել ենք ուսներս դեմ ենք տվել, թույլ չենք տալիս, որ էդ եքա մեքենան շարժվի։ Դե հիմա իրենք էլ հո մեզ վրա չեն քշի, հասկանալի բան է։ Մի քիչ էս կողմ-էն կողմ, վոբշըմ ձանձրացան մեզանից, էդ տղաներին բաց թողեցին։ Եվ ամբողջ օրը Երևանում էդ վազվզոցն էր։ Վազվզոցը, էստեղ-էնտեղ։ Մեզ ասեցին, որ պետք է գնանք, ուրեմն, բոլորին տեղեկացնենք, որ էսպիսի պրոբլեմ կա։ Սկսվեց էդ երթերը, մենք գնացինք դեպի, ուրեմն, բան, դեպի Կայարանի, Կայարանի կողմ, էդ զինվորների մի էսպես ջոկատ էկավ վազելով, որ իբր կիսի, որ կեսը մի տեղ մնա, կեսը՝ մի տեղ, մեկը առաջ վազեց, մեկը հետ վազեց։ Շատ հետաքրքիր քարակռիվ տեղի ունեցավ, հենց մենք էդտեղ էինք, էդ Կայարանի, դեպի Կայարան գնացող ճանապարհի կամուրջը կա՞ վերևից, երկաթուղու կամուրջ, էնտեղ էսպես խոշոր-խոշոր քարեր են, չէ՞, թափված էդ ռելսերի վրա, ինչ-որ մեկը բարձրացել էր վերևից քարերով էր խփում։ Այդ ժամանակ մի շատ հետաքրքիր բան տեսա, որը իհարկե բան չէր, բայց հուզիչ էր։ Ինչ-որ տղաներից մեկը էկել էր լցվել էր, ուրեմն մտել էր այդ բանի, զինվորական մեքենաները դե կանգնած էին, քանի որ արտակարգ դրություն էր, մտել էր այդ մեքենայի մեջ, ուրեմն, միացրել էր մեքենան և քշում էր։ Առաջին անգամ ես տեսել եմ, որ հայկական բե-տե-էռ, ոչ թե սովետական, այլ հայկական, ուրեմն, էսպես հայկական ուժ էլի, էդպես աշխատում էր։ Էդ բախումները-բաները եղան, որից հետո, մի քանի օր հետո, փաստորեն մյուս անդամներին կենտրոնի [կոմիտեի] ձերբակալեցին, և Հայաստանը կարծես թե սառավ։

  • Ես չեմ կարծում, որ Սովետական Միության հատուկ հաստատած թեմաներ կային։ Բավականաչափ ազատ էինք զբաղվելու էն հարցերով, որոնցով մենք ուզում էինք զբաղվել։ Այլ բան է, որ մեզ ավելի խանգարում էր գրականության պակասը, որովհետև շատ բաներ կային, որոնք, ասենք, արևմտյան հայտնի փիլիսոփաներ, որոնց չէին թարգմանում, ավելի ուշ սկսեցին թարգմանել։ Թարգմանության խնդիր կար։ Պետք էր ճարել գրքերը, կարդալ։ Թեմաները այսպես էր․ բայցահայտ հակասովետական բան պիտի չասես, մնացածը ինչ ուզում ես արա։ Ընդ այդմ, էստեղ գիտե՞ք շատ կարևոր․․․ երկու բան կար, առաջինը՝ շատ հանգիստ կարելի է զբաղվել այսպես կոչված գիտության մեթոդաբանությամբ։ էն, ինչ որ սիենտիստական է, որևէ խնդիր չկա, կարող եք հանգիստ զբաղվել, բոլոր անունները ասել, ցիտել, և այլն, և այլն։ Էն, ինչ որ ավելի հասարակագիտական էր, որը հակասում էր ասենք թե Մարքսիզմին, ըըը․․․ չնայած որ ես ձեզ ասեմ, ես համարում եմ, որ ստեղծագործական Մարքսիզմը շատ խորը և ահռելի բնագավառ է, բայց էն, ինչ որ հակասում էր Մարքսիզմին, դա կարելի էր էլի շատ պարզ անել, ուղղակի պետք էր ասել, որ դու զբաղվում ես փիլիսոփայության պատմությամբ։ Այ, օրինակ, դու զբաղվում ես բուրժուական փիլիսոփայության քննադատությամբ։ Է քննադատի։ Վերցնում ես, ամբողջ Հայդեգերին ուսումնասիրում ես, ասում ես՝ էս ա, վերջում էլ ասում ես․ «բայց էսքան տեղը լավ չի ասել»։ Այսինքն, մեծ պրոբլեմներ չունեինք։ Այլ բան է, այլ բան է, երբ որ ես, ուրեմն, մի տարօրինակ պատահականությամբ, գորբոչովյան վերակառուցման իհարկե խնդիր էր, հանկարծ ինձ մի օր հրավիրում են, ուրեմն, նախարարություն, մեր լավ դասախոսներից մեկն էր այնտեղ աշխատում, Շաքարյանը։ Ասեց՝ գիտես ինչ, դե մենք միշտ գնում էինք այսպես կոչված վերապատրաստաման, փիլիսոփայության գծով վերապատրաստումներ, ես եղել եմ, օրինակ, Մոսկվայի համալսարանում, և այլն, ուրիշները գնում էին Լենինգրադ, Ուկրաինա, մեկ էլ կանչեց, ասում է՝ մի տեղ են տվել Հայաստանին Լայպցիգի համալսարանում վերապատրաստման։ Որոշել ենք, որ քեզ ուղարկենք, քանի որ գերմաներեն խոսում ես, և այլն։ Եվ ես գնում եմ Լայպցիգի համալսարան։ Մի հոգի մենակ Հայաստանից, մի հոգի Վրաստանից և չորս հոգի Ռուսաստանի տարբեր տեղերից, մեկը Մոսկվա, մեկը Լենինգրադ, մեկը Ուկրաինա, մեկը Բելառուսիա, երկու հատ Ռուսաստան։ Եվ մեզ համար ուղղակի զարմանալի էր, ես էի և պրոֆեսոր Թևզաձեն, շատ հայտնի փիլիսոփա էր, Կանտի մասնագետ։ Մեզ համար, իմ և Գուրամի համար զարհուրելի էսպես մի բան էր, թե ինչպես են մեր պատկերացումները տարբերվում իրենց պատկերացումներից։ Այն, ինչ որ մենք կարող էինք ոչ միայն բաց խոսել համալսարանում՝ կուսակցական ժողով լիներ, կուսակցական ժողովին ասեինք, իրենց համար հակասովետականություն էր։ Այսինքն՝ Հայաստանի և Վրաստանի միջավայրը շատ արմատական ձևով տարբերվում էր, ուրեմն, մնացած այդ Սովետական հանրապետությունների միջավայրից՝ չհաշված իհարկե Բալթիկան, էնտեղ ուրիշ էր։ Այսինքն, էդ տարբերությունը կար։ Օրինակ, մենք, ասենք, կարող է գնայինք Գուրամի հետ ենթադրենք թե ուրբաթ օրերը անպայման մետտեներ էին լինում էդ Թոմաս կիրկեում, ուրեմն, որտեղ երգում էր էդ տղաների հայտնի Թոմանեն խոռը, ձրի էր, գնում էիր ասենք որպես արարողություն, հետո գալիս էիր, պիտի թաքուն պահեիր, որովհետև քեզ կասեին, որ դու եկեղեցի էիր գնացել։

  • Հիմա գալիս է էստեղ, մի ունիկալ բան կա, որ ես շատ կարևոր եմ համարում, գալիս է մի պահ, երբ որ դու ինքդ արդեն ստիպված ես պառլամենտական նիստ անել։ Որովհետև տեղի է ունենում հետևյալը․ Գարբաչովը․․․ ես հիմա․․․ մոտս էդ բաները գրած ունեմ, բայց հիմա էսպես կարող է չհիշեմ, թե երբ, աշնանն էր, ուրեմն, Գարբաչովը տեսնում է, որ երկիրը փլուզվում է, հանրապետությունները սկսում են հեռանալ, էսպես կենտրոնախույս ուժեր են աշխատում, և որոշում է ընդունում, որ պետք է նոր միութենական պայմանագիր ստորագրել, հանրապետություններին տալ նոր իրավունքներ, և ասել՝ լավ, էսքան բանը ձեզ տալիս ենք, եկեք նորից ստորագրենք, միավորենք և ստեղծենք նոր միություն։ Մենք դրանից անհանգստացած էինք։ Ինչու՞։ Որովհետև մենք ելնում ենք նրանից, որ հիմա իրենք վերևը կընդունեն Մոսկվայում, կասեն՝ հա, դե էդպես պիտի ապրեք։ Ուրեմն մենք ինչպե՞ս դա կարող ենք կանխել։ Դրա համար պետք է, որպեսզի Հայաստանի պառլամենտը, տվյալ պարագայում Գերագույն Խորհուրդը, հատուկ որոշում ընդունի, օրենք ընդունի, որ ցանկացած որոշում, ցանկացած օրենք, որը Միության մակարդակով ընդունվում է, գործում է Հայաստանի, ուրեմն, տարածքում, միայն այն դեպքում, եթե հաստատվում է, ռատիֆիկացվում է մեր պառլամենտի կողմից։ Դե հիմա ասում ենք էկեք բան անենք, էդ նիստը անենք։ Է ղեկավարությունը բնականաբար ասում է չենք անում։ Չեք անում՝ շատ լավ, հիմա էդ դեպքում ինչպե՞ս է օրենքում գրած, ասենք՝ էսքան մարդու էսքան տոկոս, չգիտեմ, 1/3 էր, ինչ էր, մարդու պահանջով կարո՞ղ է, չէ՞ նիստ լինել։ Դե կարող է, մենք էլ ստորագրությունները հավաքում ենք։ Ստորագրությունները հավաքում ենք, նիստը պետք է նշանակել։ Տեղ չենք տալիս ձեզ։ Այսինքն՝ էդ Գերագույն Խորհրդի դահլիճը։ Չեք տալի, մենք էլ Օպերայում ենք անում։ Եվ ահա դա մի ունիկալ բան էր, երբ որ նոյեմբերին Օպերայի դահլիճում, ուրեմն, կազմակերպվում է պաշտոնական Գերագույն Խորհրդի նիստ։ Ընդ որում, տեսեք, պետք է լինի քվորում։ Հիմա էդ մարդիկ մեծամասամբ իրանց համար մարդիկ են։ Մեկը գործարանի տնօրեն է, մեկը բանվոր է ինչ-որ առաջադեմ, մեկը չգիտեմ ինչ է, մեկը կուսակցական աշխատող է, ահռելի քանակությամբ մարդիկ են։ Բայց պետք է գան, և իրանց հավաքելն է․․․ Զգալի մասը գալիս է։ Գալիս է՝ նախ, որովհետև բոլորն էլ ի վերջո հայրենասերներ են, անկախ նրանից թե իրենք ինչ են, էսպես կուսակցական պատկանելությունը-բանը ինչ է, մի մասն էլ գալիս է, որովհետև էսպես անհարմար է զգում, որովհետև ով չի գալիս, օրինակ, ասենք, դուք կարող եք գնալ, խմբով գնում էին, մեծ խմբերով գնում էին, շրջաններից, բանից, տունը շրջապատում են՝ «ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ»։ Է մարդ է, նստած է, տուն-տեղ, էրեխեք, թոռներ։ Անհարմարությունից գալիս էին։ Եվ Աշոտ Մանուչարյանը անընդհատ դուրս էր գալիս և ասում էր․ էսքան մարդ կա, էսքան մարդ կա, էսքան մարդ է պետք քվորումի համար։ Է քվորումը կազմակերպեցինք։ Էդ որոշումը ընդունեցինք, բայց այդ օրը, այդ նույն օրը, սկսեցին խժդժություններ արդեն, ուրեմն, Սևանի ավազանում ադրբեջանցիների և հայերի միջև, ինչ-ինչ կազմակերպված և ինչ ձևով կազմակերպված, որից հետո անմիջապես հենց նույն օրը հայտարարվեց արտակարգ դրություն, ամեն ինչ սառեցվեց և ամեն ինչ փակվեց։

  • Դե, եթե մենք էսպես բարձր տեսակետից ասենք, իհարկե փոխվեց։ Փոխվելը, չնայած մինչև էդ արդեն փոխված էր։ Որովհետև ի՞նչ է նշանակում անկախություն։ Եթե ինձ հարցնեն՝ ի՞նչ է նշանակում անկախություն, անկախությունն ունի շատ պարզ սահմանում։ Էդ որ եթե մեկնումեկին գնում ես, հարցնում ես, ասում ես՝ ի՞նչ անեմ, սենց պրոբլեմ ունեմ, ինքն էլ ասում ա՝ եթե ինձ հարգեցիր հարցրեցիր՝ ինչ ուզում ես արա։ Անկախությունը դա ա, երբ որ դու գիտես, որ ոչ ոքի չես կարող դիմել քո պրոբլեմների լուծման համար։ Անկախությունը մի օրում չի գալիս։ Անկախությունը գալիս է, օրինակ, ասենք հետևյալ կերպ։ Ենթադրենք, դու կանգնած ես ֆիզիկական սպառնալիքի առաջ, և մեկ էլ հանկարծ պարզում ես, որ կայսրությունը այլևս քեզ չի պաշտպանում։ Թե չի ուզում, թե չի կարողանում, ուրիշ բան է, բայց չի պաշտպանում։ Ուրեմն ուզես-չուզես դու պետք է ստեղծես ինչ-որ զինված ուժեր, ջոկատներ, որ պաշտպանես։ Տնտեսությունը՝ ոչ ոք քեզ ոչինչ չի տալիս, դու պիտի յոլա տանես գնաս։ Այսինքն՝ էդ պատասխանատվությունը, էդ պատասխանատվությունը ընկնում է քեզ վրա։ Եվ իհարկե, անկախ պետությունը նախևառաջ պատասխանատվություն է։ Նախևառաջ պատասխանատվություն է։ Ի՞նչ անենք, որ չվնասենք։ Դա է եղել մեր ահռելի հոգսը։ Եվ մենք դրանով ենք ապրել։ Ի՞նչ անենք որպեսզի մենք կարողանանք էս վիճակը լավից-վատից դուրս բերենք, որովհետև մի կողմից Արցախն է, մյուս կողմից պատերազմն է, մյուս կողմից փլուզված տնտեսությունն է, բացարձակ բլոկադան է։ Էս բոլոր բաների համար պիտի պատասխան տաս, դու՛ ես պատասխան տվողը։

  • Հակառուսական չի ինքը։ Հակառուսականություն կար, բայց էդ հակառուսականությունը ավելի շուտ էսպես լեզվական հակառուսականություն էր։ Տեսեք, էստեղ մի հատ ուրիշ հետաքրքիր բան կա։ Բանն այն է, որ այդ Սովետական Միության փլուզման հետ կապված շատ երկրներ պարզապես շատ հեշտ ձևի ասեցին հա, մենք բոլորս գնում ենք դեպի Արևմուտք։ Դե ես չեմ հաշվի Միջին Ասիան, Միջին Ասիան հասկանալի է։ Մենք գնում ենք Արևմուտք։ Վրացիներն են, չգիտեմ, էսպես էնտեղ Բալթիկայի մասին խոսք չկա։ Միակ երկիրը, որը գտնվում էր բացարձակ, էսպես անելանելի վիճակում, եղել է Հայաստանը։ Ես ինքս ինձ որ մտածում էի, ասում էի՝ լավ, Բալթիկան հասկանալի է, Բալթիկան Եվրոպա ա, մոլդովացիները ռումինացիներ ունեն, ադրբեջանցիները թուրքեր ունեն։ Նու, Ուկրաինան լավ մեծ է։ Ուկրաինան, Բելառուսիան՝ հասկացանք։ Վրացիները գոնե ծով ունեն։ Ախր մենք ոչինչ չունենք, չէ՞։ Եվ այդ ժամանակ, տեսեք, ինչ է դուրս գալիս։ Երբ որ Սովետական Միությունը փլուզվում է, և դուք արդեն ուզած թե չուզած Ռուսաստանից տարանջատվում եք, դուք պետք է կարծես թե գնաք մյուս կողմ, այդ մյուս կողմում պետք է որ Արևմուտքը լինի, բայց ձեր էդ մյուս կողմում թուրքն ա։ Որովհետև Արևմուտք ասածը ձեզ մոտ ներկայացված է թուրքով։ Եվ թուրքի վտանգը իհարկե դուք ունեք։ Եվ քանի որ դուք թուրքի վտանգը ունեք, դուք չեք կարող ասել, և մենք չենք ասել, «մենք թողնում ենք ռուսներին և գնում ենք թուրքերի մոտ»։ Դա բացառված էր։ Միակ բանը, որ մենք կարող էինք ասել, և մենք դա ասել ենք, դա այն է, որ մենք պետք է, ուրեմն, նորմալ հարաբերություններ պահենք բոլոր հարևանների հետ։

  • Ես վախենում եմ սխալվեմ, որովհետև ես չեմ մտածել այդ մասին, բայց մի բան ասեմ, չզարմանաք։ Փաստորեն, այդ միտինգները որ սկսվեցին, յոթերորդ օրը դա արդեն համատարած էր։ Եթե 100,000 մարդ կանգնած է հրապարակում, դա համատարած է։ Էլ համատարածը պոզով-պոչով չի լինում։ Այսինքն այդ մտայնությունը․․․ Տեսեք, Հայաստանը, գիտե՞ք Հայաստանը երկու կարևոր հատկություն ուներ, որ հիմա էնքան էլ չունի։ Նախ, Հայաստանը բավական էսպես ազատախոհ էր, ազատախոհ էր Հայաստանը։ Հայաստանի ազատախոհության պրոբլեմ չկար։ Հայաստանում, գիտե՞ք, էդ դիսիդենտներին, որ հետապնդում էին, իհարկե հետապնդում էին, բանտարկում էին, մեծ ժամկետներ էին տալիս, մեր ընկերներն էին շատերը, էրեկ էլ կարդում էի լուսահոգի Աշոտի մասին Նավասարդյան, մի ֆանտաստիկ անձնավորություն, այ էդ բոլորը եղել են։ Բայց էդ՝ եթե շատ կոշտ ձևով հարց ես դնում։ Կոշտ ձևով․ կամ դու հակասովետական ես, կամ դու ասում ես ես Սովետական Միությունից դուրս եմ գալիս։ Մնացած բոլոր բաները բավականաչափ ազատ էր։ Այսինքն, մարդիկ մի կողմից բավական լայնախոհ էին, մյուս կողմից մի շատ կարևոր բան կար այն ժամանակ, զարմանալիորեն, բայց կար, որովհետև մենք անընդհատ սիրում ենք խոսել ստալինիզմի մասին, վախ չկար։ Դա ստալինիզմը չէր։ Ես աչքս բաց եմ արել, էլ Ստալին-բան չկար։ Վախ չկար։ Քեզ ի՞նչ պտի անեն։ Հա, դե դու աշխատանքի ես, աշխատանքից չեն հանի, աշխատանքն էլ՝ բոլորինը նույն ռոճիկն ա, քեզ ի՞նչ պտի անեն։ Վախ չկար։ Տեսեք, մենք ապրել ենք 60-ական 70-ական թվականների էն բումը, երբ որ Հայաստանը, կներեք մի անեկդոտ պատմեմ, երևի լսած կլինեք էդ անեկդոտը, որ երկու հայ, էդ տարիների անեկդոտ էր, երկու հայ Մոսկվայում հանդիպում են և մեկը մյուսին ասում է․ «ապե, հա՞յ ես, կայֆ ա, չէ՞»։ Այսինքն, հայ լինելը կայֆ էր։ Ինչի՞ էր կայֆ։ Դե երկիրը ծաղկում էր, Երևանը դառել էր բուռն զարգացող քաղաք, մենք լավ կապ ունեինք, ասենք, աշխարհի հետ, անընդհատ գալիս էին մեզ մոտ գաստրոլների։ Ազնավուրն է գալիս, Լուսին Ամարան է գալիս, Չիկագոյի, ուրեմն, սիմֆոնիկ նվագախումբն է գալիս, Ժակ Բրելն է գալիս, ի՞նչ ա եղել, աշխարհը մերն ա։ Եվ էդ ընդհանուր ընկալումը, պատկերացրեք, նաև սպորտային հաղթանակները․ Արարատի հաղթանակը, Տիգրան Պետրոսյանը, հետո գալիս են այ էդ, ուրեմն, ծանրորդների հաղթանակները, այդ բոլորը ստեղծում են մի միջավայր, որ մենք կարող ենք ամեն ինչ անել, մեր դեմ խաղ չկա։ Այդ հաղթանակած զգացողություն կար, և վախ չկար, հետապնդում չկար։

  • Ղարաբաղը Սահմանադրության մեջ նշելու․․․ սա մի քիչ ուրիշ, յուրահատուկ հարց է, շատ կարևոր հարց է, բայց մի քիչ յուրահատուկ հարց է։ Որովհետև տեսեք, փաստորեն մենք, այո՛, էն ժամանակ, երբ որ ուրեմն, քննարկում էինք, որ Արցախը դիմել է իր կազմի մեջ ընդունելու համար, մենք ասել էինք՝ այո՛, մենք համաձայն ենք, մենք ընդունում ենք։ Բայց դա մնաց կախված։ Ինչու՞։ Որովհետև շատ պարզ էր մեզ համար, որ մենք չենք կարող դա անել ոչ խորհրդային և ոչ միջազգային իրավունքի տեսակետից։ Որովհետև, եթե Սովետական Միությունը ասում էր՝ անթույլատրելի է, որպեսզի մի տարածքը ես մեկից վերցնեմ մյուսին տամ, երբ որ Սովետական Միությունը փլուզվեց, նույնքան անթույլատրելի էր, դա հասկանալի էր, ամբողջ միջազգային հանրության համար։ Եվ միջազգային հանրությունը, լինեն ամերիկացիք, լինեն եվրոպացիք, ով ուզում ա լինի, ոչ մեկը չի կարող համաձայնել, որ դու ուրիշի հող ես ուզում, դա բացառված էր։ Եվ ահա էստեղ էր շատ կարևոր մի բան, որը ցավոք էսօր մենք չենք տեսնում, էստեղ էր շատ կարևոր բան, որ պետք էր դիսկուրսը փոխել։ Այսինքն, պետք էր Ղարաբաղի հարցը դնել այնպիսի միջազգային վորդինգի, այնպիսի միջազգային տերմինաբանության մեջ, որպեսզի այն ընդունելի լինի միջազգային հարաբերությունների համար, միջազգային հանրության համար։ Դրա համար հարց դրվեց այն մասին, որ կներեք, Ղարաբաղ չենք ուզում, մենք Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք, բայց մենք ասում ենք, որ գոյություն ունի միջազգային շատ կարևոր սկզբունք՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է, ինքն է որոշում, թե ինչ է անելու, և մենք միայն պաշտպանում ենք այդ ինքորոշումը։Այսինքն այստեղ արդեն դուք չէիք կարող ձեր սահմանադրության մեջ գրել «Ղարաբաղ»։ Ընդհակառակը, երբ որ մեզ ասում էին՝ ինչու՞ չեք ընդունել, ընչու՞ չեք ճանաչել Ղարաբաղը։ Չենք ճանաչել Ղարաբաղը այն պարզ օատճառով, որովհետև այդ ժամանակ արդեն աշխատում էր Մինսկի խումբը, և Մինսկի խումբը աշխատում էր նրա համար, որպեսզի գտնի լուծում՝ ինչպես է պետք Ղարաբաղի կարագավիճակը որոշել։ Հիմա դուք պատկերացնու՞մ եք ինչ տարօրինակ կլիներ, եթե ես գնամ ասեմ, որ ես արդեն ճանաչել եմ Ղարաբաղը իմ կազմի մեջ, բայց հիմա ձեզ հետ աշխատում եմ, թե ինչ կարգավիճակ կլինի։ Ինքը չէ՞ր ասի՝ բա էլ ինչի՞ մասին ես աշխատում։

  • Երկրորդ օրինակը ավելի գուցե էսպես խորքային է։ Դա էն ժամանակ էր, երբ որ մենք արդեն կազմել էինք Սահմանադրական հանձնաժողով։ Ես անդամ էի Սահմանադրական հանձնաժողովի: Եվ, ուրեմն, մշակում էինք նոր սահմանադրությունը։ Այստեղ մասնակցում էին բոլոր ուժերը։ Հա, իհարկե Հայոց Համազգային Շարժումը կար, ուրիշ կուսակցությունները կային, բայց կային նաև հազար ու մի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կային նաև առանձին, էսպես, ինտելեկտուալներ, որոնք որևէ քաղաքական ուժ չէին ներկայացնում։ Նախագահողը Տեր-Պետրոսյանն էր։ Եվ ահռելի վեճեր կային։ Մանավանդ վեճեր՝ կապված ազգային հարցերի հետ։ Որովհետև, հիմա մարդիկ կանգնում են, ասում են, որ գիտե՞ք ինչ, մենք պետք է գրենք սահմանադրության մեջ, ուրեմն, մեր պահանջատիրությունը, ցեղասպանությունը, և այլն, և այլն, և այլն։ Մենք էլ ասում ենք՝ չէ՛, դա հնարավոր չի, որովհետև եթե մենք այսօր այլևս Ռուսաստանի պաշտպանությունը չունենք, ուրեմն մենք պետք է ինչ-որ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ։ Մենք չենք կարող էդպիսի բան գրել և դրա հետ միասին հույս ունենալ, որ մենք կարող ենք այդ հարաբերությունները պահել։ Դա ահռելի վեճեր էին։ Եվ մարդիկ, որոնք, օրինակ, ասենք, մեր փիլիսոփաներից կար, Համլետ Գևորգյանն էր այնտեղ, բանի, պոլիտեխնիկի այն ժամանակվա ռեկտորը՝ Յուրի Սարգսյանը։ Մարդիկ, որոնք որևէ կուսակցության չեն պատկանում, ասում են՝ ո՞նց կարող ա լինել, որ անկախ հայկական, ուրեմն, պետությունը Սահմանադրություն ընդունի և ցեղասպանության մասին չգրի։ Սա լուրջ, ռեալ, բովանդակալից վեճ էր։ Էնպես չի, էլի, որ մեկը դիտավորյալ ինչ-որ դեմագոգիա անի։ Չէ՛, խնդիր էր։ Եվ էդ ահռելի, ուրեմն, չարչարանքից, տուրուդմփոցից, վեճերից հետո մենք գալիս ենք Սողոմոնյան լուծման, իբր։ Գալիս ենք հետևյալ լուծմանը․ քանի որ, երբ որ մենք իր ժամանակին ընդունել ենք, ուրեմն, այդ, ուրեմն, Անկախության հռչակագիրը, Անկախության հռչակագրում գրված է ցեղասպանության մասին։ Ճիշտ է, զգուշավոր, բայց գրված է։ Հետևաբար ես չեմ գրում Սահմանադրության մեջ, բայց ես գրում եմ Սահմանադրության մեջ, որ Անկախության հռչակագիրը կազմում է սահմանադրության անքակտելի մասը։ Այսինքն, ես չեմ գրում, բայց իրականում հղում եմ նրա վրա, որ դա արդեն գրված է։ Ես չեմ ասում, որ դա ամենալավ լուծումն է, բայց դա օրինակ է, թե ինչպիսի վեճերի միջով է, ինչ տառապանքի միջոցով է այդ ամենը գնացել։ Էնպես որ պառլամենտը աշխատել է, շատ լուրջ է աշխատել։

  • Հրապարակը կարող էր լինել, հրապարակում լինում էին մարդիկ, ինչպես ասում են՝ իներցիայով հավաքվում էին, բայց հրապարակը մեծ դեր այլևս չէր խաղում, որովհետև աշխատում էր պառլամենտը։ Եվ պառլամենտը իսկապես աշխատում էր, որովհետև իհարկե մենք չենք ունեցել որևէ այլ պառլամենտ, որը այդ աստիճան ներքին դիսկուսիաների մակարդակով, ուրեմն, աշխատի։ Դա իսկապես ահռելի բանավեճերի տեղ էր։ Պառլամենտը՝ կռիվ, դավի, պատմություն, այսինքն՝ ոչ թե իրար ծեծել, այլ վիճել։ Եվ այդ վեճերը եղել են չափազանց հետաքրքիր և շատ կարևոր։ Բերեմ միայն երկու օրինակ։ Մի օրինակը, ասենք, դա բանն էր, Հայաստանի անկախության հայտարարելու խնդիրն էր։ Ուրեմն, բավական բարդ իրավիճակ է, արդեն Սովետական Միությունը փլուզվում է, և քննարկվում է երկու կոնցեպտ․ մենք կամ հիմա ասում ենք, որ մենք անկախանում ենք, կամ էլ մենք ասում ենք, որ կա Սովետական Միության օրենք, որը ասում է, որ կարելի է անկախանալ, հանրապետությունը իրավունք ունի անկախանալ, և մենք անկախանում ենք Սովետական Միության օրենքով, որպեսզի լեգիտիմությունը մեր անկախության պահպանենք։ Մեռնեմ օրենքի զորությանը։ Բայց էստեղ մյուս կարծիքն էլ այն է՝ բայց կներեք, էդ եթե մենք գնանք այդ ճանապարհով, դա նշանակում է, որ էդ օրենքը պահանջում է, որ դու հայտարարում ես, որ դու պետք է ռեֆերենդում նշանակես, վեց ամիս հետո միայն դու իրավունք ունես էդ ռեֆերենդումը նշանակել, ի՞նչ գիտես՝ էս վեց ամսվա մեջ ինչ կլինի։ Եվ դրա հիման վրա, ուրեմն, ահռելի բանավեճ։ Եթե չեմ սխալվում, դա Վարդուհին է Իշխանյան ուրեմն գցել այդ բաները, ռոլիկները կան հիմա ուրեմն, հեռուստատեսության, ըը, յություբում, երեք մեծ, ուրեմն, էսպիսի բան կա, կապոց կա, որտեղ էդ բոլոր, ուրեմն, քննարկումները կան։ Մարդիկ դուրս են գալիս, բանավիճում են․ ո՞րն է ճիշտ, ո՞ր ճանապարհն է ճիշտ։ Վերջը ընտրվեց փաստորեն էդ օրենքով գնալը։ Եվ դա էլ հետաքրքիր էր, որովհետև օրենքով գնալը ընտրվեց, մարտի 21-ին որոշվեց, որ մենք ռեֆերենդում ենք անում, ռեֆերենդում անում ենք կես տարի հետո, որը նշանակում է սեպտեմբերի 21-ին։ Այդ ընթացքում լինում է Պուտչը Գարբաչովի դեմ, երկիրը փլուզվում է, ամենաանկապ հանրապետությունները ասում են մենք անկախ ենք, սկսում է էդ սուվերենությունների շքերթը, հայ ժողովուրդը նստած ա։ Տղերք, բա դու՞ք։ Մենք օրենքով, մեռնեմ օրենքի զորությանը։

  • Դրանից հետո արդեն գալիս է այն պահը, երբ որ ես ինքնաբերաբար արդեն ներգրավվում եմ այդ տուրուդմփոցի մեջ, էնքանով, որքանով որ փաստորեն, ուրեմն, 1990թ․ լրանում է Գերագույն Խորհրդի ժամկետը։ Արդեն ուզես-չուզես պետք է դնես ընտրություն կազմակերպես։ Այդ տարիներին էր, երբ որ ինձ ուսանողներից մեկը մոտեցավ, թե՝ ընկեր Ոսկանյան, դուք կարո՞ղ է ցանկություն ունենաք, ուրեմն, մասնակցել ընտրություններին։ Ես ասի՝ հա, չեմ բացառում, կարող եմ մասնակցել։ Թե՝ իսկ կարո՞ղ է համաձայնեք Շարժման անունից մասնակցել։ Ասի՝ եթե մասնակցեմ, հասկանալի է, որ Շարժման անունից պետք է մասնակցեմ։ Էստեղ մի հետաքրքիր բան եղավ։ Ես էդ ժամանակներին մի հոդված գրեցի, որը տպագվեց «Գրական թերթ»-ում։ Արդեն ամեն ինչ կարելի էր տպել։ Ուրեմն, տպագրվեց «Գրական թերթում», որը կոչվում էր «Ի՞նչ ենք մենք ուզում»։ Եվ դա խոսքը, ուրեմն, անկախության մասին էր, որովհետև այդ ժամանակ կար էդ անկախական էսպես թևը, ավելի դիսիդենտական, Պարույր Հայրիկյան և այլն, որոնք անընդհատ խոսում էին անկախության մասին։ Ես էլ հիշում էի արդեն այդ ժամանակ զոհված, ուրեմն, Մովսես Գյորգիսյանին՝ Մոսոյին, որը մի անգամ ելույթներից մեկի ժամանակ էսպես քայլում էր և գոռում․ «Ի՞նչ եք ուզում, Ղարաբա՞ղն եք ուզում, ես ձեզ ասում եմ, չե՛ք տալու, չե՛ք տալու, դրանից հետո ի՞նչ եք ուզելու, մտածե՞լ եք այդ մասին»։ Էդ շատ լավ հիշում եմ էդ պահը։ Դրանից սկսեցի էդ իմ հոդվածը։ Բայց իմ ասածը այն էր, որ էստեղ խնդիրը ոչ թե բանն է, էսպես վերացական ձևով անկախություն պահանջելն է, այլ որպեսզի երկիրը այնպես տրանսֆորմացվի, իր կազմակերպչական, ուրեմն, տնտեսական, էսպես ապարատային, կառավարական, ուրեմն, էսպես ուղղություններով, որպեսզի էդ անկախությունը երբ որ գա, որվհետև գալու է, չի կարող չգալ, մենք պատրաստ լինենք։ Եվ վերջին ֆրազս էն էր, որ էնպես չլինի, որ մենք ստիպված լինենք Ավետիս Ահարոնյանի նման ասել, որ անկախությունը բախում էր մեր դուռը, իսկ մենք պատրաստ չէինք։ Էդ հոդվածը ինչ-որ հավանել էին, ուրեմն էդ բանում, «Ղարաբաղ» կոմիտեում, և դրանից հետո սկսեցին ինձ ինչ-որ հատուկ ուշադրություն դարձնել։

  • Ահա, ուրմեն, այդ պատմություններով սկսվեց էդ շարժումը։ Եվ մեկ այլ, ուրեմն, կարևորագույն դրվագ։ Դա այն էր, երբ որ ուղարկեցին Մոսկվայից երկու Քաղբյուրոյի անդամ, Դալգիխն էր և կարծեմ Լուկյանովն էր, ով էր, լավ չեմ հիմա հիշում, որոնք պետք է իբր հարցը լուծեին։ Եվ ահռելի մի զանգված կար հավաքված, ուրեմն, Օպերայում, իսկապես շատ մեծ զանգված էր, այդ ժամանակ միտինգները արդեն մեծ թափ էին առել։ Իրենք, ուրեմն, խորհրդակցության էին Կենտկոմի շենքում, որը հիմա պառլամենտի շենքն է, գիտենք, և ուրեմն սպասում են, որ իբր էնտեղ իրենք պետք է խորհրդակցեն, դուրս գան և ինչ-որ գան բան հայտնեն։ Բնականաբար ոչ ոք չէր պատրաստվում դուրս գալ որևէ բան հայտնել։ Որոշում եղավ՝ դե որ իրանք չեն գալիս, մենք կգնանք։ Ահա ուրեմն էդ մեեեծ, ահռելի զանգվածը շարժվեց դեպի, ուրեմն, Կենտկոմի շենքը։ Այնքան շատ էին, որ երբ որ ծայրը հասել էր Կենտկոմի շենքին արդեն, և ամբողջ Բաղրամյանը լիքն էր, էն հետևի կողմը հազիվ-հազիվ Օպերայից, ուրեմը, դուրս էր գալիս։ Եվ այդ պահին էր ահա, երբ որ էդ բոլոր մարդիկ էդպես արդեն գնում էին, մեկ էլ մի հատ երիտասարդ տղա դուրս է գալիս, գիտե՞ք, էն Օպերայի մոտ մի էսպիսի փոքրիկ աստիճաններով ներքև տանող տեղ կար, որտեղ տոմս էին վաճառում էն ժամանակ, էդտեղից դուրս է գալիս, շեփորը վերցնում է և երկու մեղեդի է նվագում։ Մի մեղեդին, ուրեմն, Առնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում է», մյուսն էլ, ուրեմն, էդ հայտ․․․, հետո արդեն հանրահռչակ դառած էդ «Ինչի մասին է աղմկում գետը» կինոֆիլմի էդ մեղեդին էր։ Եվ այդ մեղեդու տակ էդպես գնում են, դրանից հետո արդեն որ հասնում են Օպերա, էդ տղան նորից կագնում է, շեփորը նվագում է, էդ շեփորը էստեղ արդեն դառնում է սիմվոլ, բոլորը բնականաբար ձեռքերը բարձրացնում են։ Ձեռքները բարձրացնելու հետ էլ հետաքրքիր հանգամանք կար։ Ձեռքերը բարձրացնում էին, ուրեմն, այնպես, ինչպես Եվրոպայում ընդունված էր, որպես հաղթանակի նշան։ Հետագայում էկավ, ուրեմն, Բալայանը, և ասեց՝ չէ՛ մենք պետք է այսպես բարձրացնենք, քանի որ սա միասնության նշան է, բռունցք է, բան է, և այդ վիքթըրին դառավ ուրեմն բռունցք։ Դա Զորի Բալայանի նոու-հաուն էր։ Եվ այդպես սկսվեց։

  • Խնդիրն այն է, որ մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես 1985-86թթ․ ուրեմն, հայտարարվեց Գորբոչովի էդ վերակառուցումը և բացխոսությունը, և մենք բոլորս շատ ոգևորված էինք էդ գրքերով, ամսագրերով, էդ ամբողջ աղմուկով, էդ ազատական շնչով, բայց Հայաստանում ոչ մի բան տեղի չէր ունենում և միշտ էսպես անհանգստացած էինք, թե ինչու էնտեղ ամեն ինչ եռում է Ռուսաստանում, իսկ մեզ մոտ ոչինչ չկա։ Ութսունութ թվականը երբ որ սկսեց, նոր էդ ժամանակ միակ բանը, որ մեզ մոտ կար, 1-2 էսպես փոքրիկ բնապահպանական շարժումներն էին։ Մի տաս հոգի կարող է հավաքվեին, մի հատ պլակատ վերցնեին փողոցով անցնեին։ Դա էր, և լուրեր էին գնում, որ ինչ-որ Արցախի շուրջը զարգացումներ կան։ Քննարկվում է, գուցե Ղարաբաղը փոխանցեն Հայաստանին, և այլն։ Էդպիսի խուլ լուրեր էին։ Եվ մի օր էլ, ուրեմն, հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցով պետք է հավաք լինի, պետք է միտինգ լինի Օպերայի մոտ։ Ես էլ ճիշտն ասած տոմս էի առել կինոյի, Ագաթա Քրիստիի դետեկտիվ կինոն էր, երեկոյան պիտի գնայինք։ Ասի՝ ցերեկը գնամ այնտեղ։ Գնացինք Օպերա, և պարզվեց՝ դա հենց առաջին միտինգն էր, հենց առաջին հավաքը, որը նվիրված էր Ղարաբաղի խնդրին։ Կանգնած էին մի քանի հոգի։ Հիմա արդեն մենք գիտենք, էդ առաջին կոմիտեն, որը պիտի ձևավորվեր։ Սիլվա Կապուտիկյանն էր, Իգոր Մուրադյանն էր, մի քանի էդպես հոգի։ Եվ իրենք պարզապես էդպես ներկայացրեցին իրավիճակը, որ այսպես, Արցախում, ուրեմն, Ստեփանակերտում, եղել է այդ գործկոմի, ուրեմն, նիստը, որ ուրեմն Մարզային Խորհրդի նիստը, որ որոշում է ընդունվել, որպեսզի դիմեն Սովետական Միությանը՝ խնդրելով թույլ տան, որ իրենք տեղափոխվեն Ադրբեջանից դեպի, ուրեմն, Հայաստան, և որ դա առաջացրել է բուռն զայրույթ ադրբեջանցիների կողմից, իրենք սպառնացել են հարձակումներով, ասել են, որ արյուն կթափվի և այլն, հիմա շատ ծանր վիճակ է։ Եվ ի՞նչ առաջարկեցին մեզ։ Ասեցին մենք պետք է մնանք էստեղ, գիշերը պետք է մնանք, պետք է, ուրեմն, հսկենք, որ եթե հանկարծ մի բան լինի, մենք կարողանանք շատ արագ արձագանքել։ Եվ ահա էդ իմ տոմսը կորավ էլի ուրեմն բանի, էդ կինոյի տոմսը կորավ։

  • Ես, բնականաբար, ուրեմն, իմ թեզը, թեկնածուական թեզը, գրել եմ ռուսերեն: Ինչու՞ պետք է գրեի ռուսերեն, պարզ է, բոլոր աշխատանքները պետք է գրվեին ռուսերեն, որովհետև պետք է ուղարկվեին ՎԱԿ, բարձրագույն ատեստացիոն հանձնաժողով, որը նստած էր Մոսկվայում, ուրեմն իրենք պետք է կարդան, եթե նույնիսկ հայերեն ես գրել, պիտի թարգմանես և ուղարկես։ Հետևաբար գրել էի ռուսերեն։ Բայց հետաքրքիր էր, երբ որ ես որոշեցի, որ գրեմ արդեն դոկտորական, ուրեմն, ատենախոսությունը, ընդ որում դա արդեն գերմանական հերմենևտիկայի մասին էր, ես որոշեցի, որ ես դա անելու եմ հայերեն։ Ինչու՞, որովհետև փիլիսոփայությունը մշակույթի մաս է, իսկ մշակույթը մարդը պետք է անի իրա լեզվով։ Եվ ասի սկզբունքորեն ես գրելու եմ դա հայերեն։ Սկսեցի գրել հայերեն, մի զգալի մասը գրեցի, Սովետական Միությունը փլուզվեց, էդ պրոբլեմը մեջտեղից դուրս եկավ։

  • Ծնվել եմ ես Երևանում։ Հայրս Ղափանում է ծնվել, մայրս էլ է Երևանում ծնվել, բայց էնպես է ստացվել, որ ես մեծացել եմ տատիկիս և պապիկիս մոտ։ Մորենական տատս, պապս էին, իրենք քանի որ տղա չունեին, շատ խնդրում էին, որ ես իրենց մոտ մնամ։ Կրթությունս, դե, ռուսական դպրոց եմ ավարտել։ Ռուսական դպրոց ավարտելու համար պապիկս երկու տարի մորս հետ չի խեսել, միակ իր աղջկա հետ։ Ընդ որում ինքը փայլուն ռուսերեն գիտեր, որովհետև ինքը ավարտել էր Թիֆլիսի, ուրեմն, Ներսիսյան դպրոցը, և երբեմն ուղղակի արտասանում էր Գոգոլից բանից կտորներ, «И до такой ничтожности, мелочности, гадости мог дойти человек»։ Էդ բաները ասում էր, բայց ասում էր հազար լեզու սովորի, բայց առաջինը պիտի սկսես հայերենից։ Էնպես որ ես թեև ռուսական դպրոց էի գնում, բայց առաջի դասարանից տանը, ուրեմն, պարապում էի: Տատիկս էլ, պապիկս էլ, երկուսն էլ ուսուցիչներ էին, վաստակավոր ուսուցիչներ, էնպես որ, կարծես թե հայերենը ոչինչ, վատ չէր։ Ընդհանուր հետաքրքրությունները՝ դե ինչպես բոլորի մոտ։ Հա, պապիկս, էսպես ասենք էլի, հայրենասերի տիպար էր, տանը ահռելի քանակությամբ գրականություն, պատմական, և այլն, բայց երբեք էսպես դիսիդենտական, հակասովետական ինչ-որ բաներ, էսպես դրսևորումներ չի ունեցել։ Ճիշտ է, իրեն միշտ ասում էին, որ դու բացբերան ես, ամեն տեղ խոսում ես ավելորդ, երբեմն ասում էին էդ քյալլագյոզին ասեք, թող շատ չխոսի, բայց, ուրեմն, այդ է եղել, այսինքն՝ հակասովետականություն մեր տանը չի եղել։ Երբ որ ես հետո արդեն շարժման մեջ էի, էդ ժամանակ ընդունված էր, ուրեմն, ժուռնալիստներից մեկը հարց էր տալիս, բոլորին էր հարց տալիս, ինձ էլ հարցրեցին՝ «դիսիդենտ սովետական ժամանակ եղե՞լ եք, թե՞ չէ», ես ասացի, որ դիսիդենտ չեմ եղել և չեմ, այլախոհ եղել եմ և եմ։ Այսինքն իմ ասածը այն էր, որ այլախոհը մարդ է, որը ինքնուրույն է մտածում՝ անկախ նրանից, թե ինչի հետ է դա համընկնում։ Իսկ դիսիդենտը ոնց որ թե մի քիչ թարսված է պետության դեմ և հատուկ նպատակասլաց անընդհատ պետության հետ կռիվ ունի։ Ես պետության հետ հատուկ կռիվ չեմ ունեցել, բայց ասենք թե էդ քննադատական վերաբերմունքը ունեցել եմ։

  • Celé nahrávky
  • 1

    Yerevan, 22.12.2023

    (audio)
    délka: 02:01:55
    nahrávka pořízena v rámci projektu Shared Memories - Visegrad and South Caucasus
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

Փիլիսոփա, համալսարանի դասախոս, նախկին ԱԺ պատգամավոր, նախկին դիվանագետ

4th congress, 1995
4th congress, 1995
zdroj: witness archive

Աշոտ Ոսկանյանը հայ փիլիսոփա, մանկավարժ և մտավորական է, նախկին պատգամավոր և նախկին դիվանագետ։ Ծնվել է 1949 թ․, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, այնուհետև՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ 1976-1990 թթ․ փիլիսոփայություն է դասավանդել Հայաստանի տարբեր բուհերում։ 1988 թ․ Ղարաբաղյան շարժման սկզբում Ոսկանյանը ԵՊՀ դասախոս էր։ Իր ուսանողների և համալսարանի այլ դասախոսների հետ միասին ակտիվորեն ներգրավվել է շարժման մեջ։ 1990 թ․, որպես անկախամետ ՀՀՇ-ի թեկնածու, ընտրվել է Հայաստանի խորհրդարանի (այն ժամանակ դեռ Գերագույն խորհուրդ) պատգամավոր, իսկ 1995-ին՝ վերընտրվել։ Եղել է Էթիկայի հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 1995 թ․ Ոսկանյանը եղել է Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ։ 1998-2002 թվականներին եղել է Գերմանիայում Հայաստանի դեսպան, իսկ 2002-2017 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ղեկավարում է 1993 թվականին հիմանդրած Հումանիտար Հետազոտությունների Հայկական Կենտրոնը (ՀՀՀԿ)։