Lusine Hovhannisyan Լուսինե Հովհաննիսյանը

* 1970

  • Իմ ընտանիքը մասնակցում էր շարժմանը։ Իմ անձի ձևավորումը ամբողջությամբ երևի՝ 99 տոկոսով, հորս ձեռքի գործն էր, և հետո արդեն ես սկսեցի ինչ-որ վերափոխումներ և սրբագրումներ անել։ Ես մեծացել եմ հակախորհրդային թեքումով ընտանիքում։ Մորս կողմից շատ բռնադատվածներ կային, հայրս էլ տիրապետում էր հայոց պատմությանը, նաև Խորհրդային Միության բոլոր նրբերանգներին, և մեզ մեծացնում էր իրականության մեջ։ Այդպիսիք քիչ էին։ Իմ դասարանում երևի չկային, և մեր 36 հոգանոց դասարանում երևի իրականության մեջ մեծացած երկուսից մեկն էի։ Մյուս աղջկա հայրը դիսիդենտ էր, իմը՝ պարզապես հակախորհրդային թեքումով գիտաշխատողի ընտանիք էր։ Ես գիտեի ամեն ինչ, ինչ կար էս երկրում։ Եվ դա պահում էի տասը տարի իմ մեջ։ Ես յոթ տարեկանից ամեն ինչ լսում էի։ Ես հորս հետ լսում էի «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հինգ տարեկանից, գիտեի բոլոր լրագրողների անունները, և նույնիսկ բարձր ասում էի։ Հայրս մի անգամ լսել էր, որ ես այդ անունները ասում եմ բակում և խնդրել էր, որ մի քիչ զգույշ լինեմ։

  • Հայաստանում առաջին ընտրակեղծարարությունները ինձ համար առաջին մեծ ապտակն էին, առաջին մեծ հիասթափությունն էին, առաջին անհնարին ցավը։ Եվ հիմա, երբ էս տարիքի, էս դեպքերի հեռավորությունից նայում եմ, խնդիրն էնքան էն չէր, որ իմ ընտրած թեկնածուն սա է, ինքը հրաշք է, միանշանակ լավն է, մյուսը՝ միանշանակ վատը։ Երևույթն արդեն ոտնահարում էր մեր բոլոր պատանեկան երազները, դա երազների ոտնահարում էր, որ երևույթը կա, որ պիտի կեղծենք, խաբենք, տրորենք, ծեծենք, ջարդենք, անցնենք առաջ։ Դա ամենամեծ հիասթափություններից էր։

  • Մենք շատ կլինիկական վիճակում ենք, նույնիսկ բուժման կարիք ունեցող վիճակում ենք, որովհետև մենք չունենք հիմա ընդհանրապես որևէ բանի ցանկություն, ինչ-որ բան անելու, ինչ-որ բան փոխելու։ Ես չգիտեմ, գուցե իմ տարիքում էդ եռանդը չկա, բայց չեմ տեսնում էդ բանը նաև ինձնից շատ ջահելների մեջ էլ, որ ինչ-որ բան փոխվի։ Մեծ հարված կերած, կայծակնահար եղած հասարակություն է։ Մենք անցել ենք պատերազմ, և [Ղարաբաղյան] Առաջին պատերազմին մասնակցել են իմ շատ սիրելի ընկերները, զոհվել են իմ ընկերները, իմ շատ սիրելի, մտերմագույն ընկերները, որոնց կորուստը ինձ համար եղել է խեղդվելու աստիճան ծանր, որ ես ինձ հարց էի տալիս՝ լավ բա 1988-ին դու չես հասկացել, որ պիտի պատերազմ լինի։ Չէ՛, չեմ հասկացել։ Ես ամեն ինչ պատկերացրել եմ, բայց պատերազմ իմ մտքով չի անցել։ Ես էդ կորուստներից հետո կարողացել եմ էլի ինչ-որ բան ուզել Հայաստանի համար, պայքարել, ինչ-որ հնարավոր է եղել, ինչ-որ կարողացել եմ, արել եմ, հավատացել եմ, որ պիտի անել, պիտի փոխել, բայց հիմա ես չեմ տեսնում։ Իսկապես առաջին կյանքս է, եթե լիներ երրորդը, գուցե հասկանայի՝ ինչ են անում նման դեպքերում։ Բայց որպես մարդ, որը կարող է մարդկային հարաբերություններից, կյանքից դատելով ասել՝ ես կարծում եմ, որ պիտի շատ մեծ ուրախ բան լինի, որ մարդիկ սթափվեն, ոչ թե ինչ-որ իշխանություն փոխվի․․․ իշխանությունը պիտի փոխվի, դրա մասին չէ խոսքը, քաղաքական կոնտեքստում չեմ ասում։ Մեծ ուրախ բան պիտի լինի, որ մարդիկ նորից ուզեն լավ լինել, որովհետև մարդը չի ուզում լավ լինել, երբ երկար, անընդհատ կլինիկական վիճակ է, պիտի մեծ լավ բան լինի, որ մարդկանց մեջ առաջանա նորից լավ լինելու ցանկություն։

  • 1988-ի սկիզբը հոգեբանական շերտեր ուներ ավելի, քան քաղաքական նախագիծ էր։ Ոչ թե կոնկրետ հակախորհրդային և անկախության վերաբերյալ էր, այլ մենք ինչ անում էինք, դրա մեջ կար ընդվզում Խորհրդային Միության հանդեպ, որովհետև մենք ձևավորվել ու մեծացել էինք մի երկրում, որտեղ կար գծված «կարելիի» և «չիկարելիի» սահման։ Մեզնից մեծ սերունդները տառապել էին շատ ավելի՝ բռնադատվածներ, գնդակահարվածներ, Ցեղասպանության սերունդ, նրանց ժառանգներ։ Ամեն մեկն ուներ իր բողոքն իր մեջ։ Երբ 1988-ը սկսվեց, մենք իհարկե ասում էինք «Ղարաբաղ» և միայն «Ղարաբաղ», բայց ես արդեն հետադարձ հայացքով հասկացա, որ ամեն մեկի մեջ կար իր ընտանիքից եկող ժառանգած բողոքը երկրի հանդեպ։

  • 18 տարեկանում շատ դժվար էր պատկերացնել, թե մի կայսրության փլուզումից հետո ինչ պետություն պիտի լինի, և նույնիսկ, եթե շատ անկեղծ լինեմ, առանձնապես չէր էլ հետաքրքրում՝ ինչ պիտի լինի, որովհետև 18 տարեկան, որևէ գաղափարով շատ տարված մարդու համար մի տեսակ կոնկրետությունը կարևոր չէր, այլ տեղի ունեցող պրոցեսն էր կարևոր։ Մեզ համար շատ ցնցող էր, որ չկա պետությունը, որն անվերջ էր թվում, հսկա էր թվում, հրեշ էր․ դրա քանդվելն անհնար էր, ու մենք դրա մեջ եղանք, մասնիկն եղանք, ականատեսն եղանք։ Չէ, չէինք պատկերացնում, թե ինչ պետություն պիտի լինի, միայն պատկերացնում էինք, որ մենք այլևս Մոսկվայի ենթակայության տակ չէինք։ Մնացածը, չեմ կարծում, թե ինձնից մեծերն էլ առանձնապես պատկերացնում էին։

  • Պատկերացրեք 18 տարեկան, Խորհրդային Միությունում ձևավորված, մեծացած, հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական եղած ուսանողը կանգնում է Օպերան շրջափակած ռուս զինվորների առաջ, որոնք ավտոմատներով կանգնած էին պարագծով, և կանգնում էինք, նայում էինք նրանց աչքերին և ասում էինք՝ հեռացեք մեր երկրից, ու էլի տգեղ բաներ։ Դա անհավանական էր Խորհրդային Միությունում։ Ու լաց լինելով էինք բղավում, ոչ թե հրահանգ էր ինչպես խորհրդային տարիներին էր, այլ ամբողջ հոգով, ցավի մեջ տառապելով, լացելով գոռում էինք դուրս մեր քաղաքից։ Ե՛վ անվախ էինք, և՛ ազատ էինք, և՛ մի քիչ էլ գժված էինք երևի։ Հա շատ ազատ էինք, բայց հետո դա վերացավ։ Իննսունականներին Հայոց համազգային շարժման [ՀՀՇ - անկախ Հայաստանի առաջին իշխող կուսակցությունը] իշխանության տարիներին տեղի ունեցող կոշտ երևույթների ժամանակ մենք արդեն այդքան համարձակ չէինք․․․ չգիտեմ ինչու, չեմ կարող ասել՝ ինչու։ Որովհետև երևի մարդը քաջ է լինում և չի մտածում ծեծվելու մասին, վախ չի ունենում, երբ ուրախություն կա էդ շարժման մեջ, և միասին ենք, մենք միասին ենք և ուրախ ենք, իսկ իննսունականներին արդեն ուրախություն չկար, պատերազմ էր, բռնության էլեմենտներ կային քաղաքում:

  • Celé nahrávky
  • 1

    Yerevan, 21.04.2023

    (audio)
    délka: 48:40
    nahrávka pořízena v rámci projektu Memory of Armenian Nation
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

1988-ին մենք պարզապես երազում էինք Մոսկվայի ենթակայության տակ չլինելու մասին։ Ես չէի սպասում, որ պատերազմ կլինի։

Լուսինե Հովհաննիսյանը, 2023
Լուսինե Հովհաննիսյանը, 2023
zdroj: natáčení

Լուսինե Հովհաննիսյանը ծնվել է 1970-ի մայիսի 22-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ինժեների և լեզվաբանի ընտանիքում։ Սովորել է Կրուպսկայայի, իսկ այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում։ Հայրը հակախորհրդային հայացքների կրող էր, մայրը մինչև քսաներեք տարեկանն ապրել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Երկու ծնողները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից էին, որն այժմ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությունն է։ Մանկության զգալի հատվածը Լուսինեն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում։ 1987-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ։ 1988-ի փետրվարին սկսվել է Ղարաբաղյան շարժումը։ Առաջին օրերից նա հոր հետ եղել է շարժման ակտիվ մասնակից։ 1990-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անցկացրեց հանրաքվե և իրեն հռչակեց անկախ պետություն։ Նույն տարվա դեկտեմբերին ԽՍՀՄ-ը կազմալուծվեց և պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ։ Համալսարանն ավարտելուց հետո Լուսինեն աշխատանքի է անցել «Անկախություն» շաբաթաթերթում, որը գործունեությունը սկսել էր դեռ խորհրդային տարիներին՝ ընդհատակյա պայմաններում։ «Անկախությունը» Խորհրդային Հայաստանում ստեղծված առաջին անկախ պարբերականն էր։ Հետագայում աշխատել է «Հայ զինվոր», «ԱՐ», «Շրջան», «Այժմ» հեռուստատեսային լրատվականներում, թղթակցել է «Երկիր», Zham.am, Medialab և «Հետք» լրատվականներին։ Ներկայում «ՍիվիլՆեթ» առցանց լրատվականի սյունակագիր է, Հայաստանում ճանաչված հրապարակախոս։ 2018-ին լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի «Տարին ունի շատ եղանակ» հուշագրությունը Լեռնային Ղարաբաղի իր պապենական գյուղի, իսկ 2022-ին՝ «Երևա, Երևա, Երևան» գիրքը։ Թարգմանել, խմբագրել, կազմել է Շուշիում ծնված ինժեներ Հովսեփ Յուզբաշյանի օրագիրը Շուշի քաղաքի կյանքի մասին։