Հայաստանում այլախոհները երկրորդ պլան մղվեցին ավելի, շատ դեպքերում նույնիսկ երրորդ պլան։ Ինչո՞ւ։ Պատճառ կա այստեղ։ Այնպես չէ, որ մեր այլախոհերն ավելի վատն էին կամ ոչ այնքան պատրաստված որքան օրինակ ուկրաինացիներն էին։ Պատճառն այն է, որ մեզանում տանող միտքը Ղարաբաղն էր։ Պայքարը գնում էր ոչ թե հանուն Հայաստանի անկախության, այլ հանուն Ղարաբաղի․ միացումն էր։
Եվ այլախոհների երևացող հատվածը, երբ վերադարձավ կալանավայրերից, կամ ոմանք արդեն վերադարձել էին, ոմանք՝ նոր վերադարձել,- ես վերադարձել եմ ամենավերջում, 1988-ի հունիսին եմ վերադարձել,- մինչև իմ վերադարձը այստեղ շարժումն արդեն բավականին առաջ էր գնացել։ Նախկին այլախոհները, որ ստեղծել էին իրենց կազմակերպությունը՝ Ազգային ինքնորոշում միավորում և այլն, և այլն,- էդ այլախոհները չանդամագրվեցին Ղարաբաղյան շարժմանը, նրանք չմտան Ղարաբաղյան շարժման համատեքստի մեջ, նրանք առանձին էին։
Անկախականները, անկախական թևը պնդում էին, որ մենք պետք է զբաղվենք ոչ թե Արցախի միացման խնդիրներով, այլ Հայաստանի անկախության խնդրով։ Էն ժամանակ տեքստեր էինք տարածում, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը էդ խնդիրը լուծեն որպես երկու անկախ հանրապետություններ, և հնարավոր չէ դիմել Կրեմլին և Կրեմլի միջոցով լուծել էդ խնդիրը։ Բայց անկախության միտքը մի քիչ օտար էր դեռ 1988-ին։
Մարդիկ ասում էին, և շատ բաց տեքստով, ասում էին, որ հա գուցե անկախությունը լավ բան է, ճիշտ եք անում, որ ասում եք անկախություն, բայց դա դեռ շուտ է, եկեք սպասենք․․․ Մոսկվան մեզանից կնեղանա, Արցախը չի տա մեզ, եկեք մենք անկախության մասին չխոսենք, թողնենք հետագայի, հենց որ Կրեմլը մեզ տա Ղարաբաղը, մենք Ղարաբաղի հետ միասին էլ կխոսենք անկախության մասին։
Կես էջ թռուցիկ տպելու համար 60, 70, 80-ական թվականներին մարդուց կպահանջվեր ամիսների աշխատանք, վտանգավոր, գերվտանգավոր աշխատանք, որի յուրաքանչյուր փուլում մարդը կարող էր ձերբակալվել, կալանավորվել, բացահայտվել։ Բացահայտվել նշանակում է կալանավորվել, ձերբակալվել, դատապարտվել։ Չկային տպագրական միջոցներ, եղած տպագրական միջոցը գրամեքենան էր, որը ձեռք բերել հնարավոր չէր։
Գրամեքենա ձեռք բերելու համար պետք էր գնալ անձնագրով հատուկ խանութ, կոմիսիոն խանութներում էին որպես կանոն վաճառվում, հատուկ խանութներ էին։ Պետք էր պատճառաբանել, թե ինչու ես գրամեքենա ձեռք բերում, ենթադրենք՝ ասում ես «ես դիսերտացիա եմ գրում», արդեն թույլ են տալիս, թողնում ես անձնագրային տվյալները։ Իսկ յուրաքանչյուր գրամեքենայի շրիֆտը տարբերվում էր մնացած գրամեքենանրի շրիֆտներից, և նրանք գրանցված էին հատուկ ծառայություններում։
Եվ մարդիկ, որպեսզի ինչ-որ տեքստ տպեին՝ լինի թերթ, թռուցիկ,- այդ մարդիկ ստիպված իրենք էին շրիֆտները ձուլում կա՛մ արճիճից, կա՛մ մետաղից, կա՛մ խմորից ու տարբեր-տարբեր նյութերից։
Ուսանողներն այդ թռուցիկները պատրաստել են, տարածել են համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ Ինչո՞ւ։ Որովհետև քիմիկոսները գիտեն ինչ նյութով, ինչպես, ոնց կարելի է դա անել, որ լավ ստացվի։
Մեր խմբի անդամներից ձերբակալվել է հինգ հոգի [Մարզպետ Հարությունյան, Իշխան Մկրտչյան, Սամվել Եղիազարյան, Հովհաննես Աղաբաբյան], էլի մարդիկ են ձերբակալվել, բայց հինգս ենք հասել մինչև դատարան և դատապարտվել։ Ես մեր ընկերներից վերջինն եմ ձերբակալվել: Դատապարտվել ենք բավական մեծ պատժաչափերով։ Ինչո՞ւ մեծ։ Որովհետև, միշտ էլ մեր՝ հայերիս նկատմամբ պատժաչափերը բավականին խիստ են եղել, բայց մետրոյի պայթյունից հետո [1977-ին Մոսկվայում պայթյունների շարք, որի արդյունքում զոհվեց յոթ և վիրավորվեց 37 մարդ։ Չնայած ոչ ոք չստանձնեց պատասխանատվությունը, խորհրդային ԿԳԲ-ն ձերբակալեց և փակ գաղտնի դատավարությունից հինգ օր անց գնդակահարեց երեք հայ երիտասարդների՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գլխավորությամբ], որի համար մեղադրեցին Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներից Ստեփան Զատիկյանին և նրա երկու ընկերներին, հայերի նկատմամբ շատ ավելի մեծ և շատ ավելի խիստ պատիժներ էին կիրառում։
Ես ութ տարվա պատժաչափի եմ դատապարտվել, իմ ընկերներից Իշխան Մկրտչյանը և Մարզպետ Հարությունյանը դատապարտվել են 12 տարով՝ աքսորի հետ միասին։ Հինգ տարի և երեք աքսորի տարի ես, յոթ և հինգ՝ նրանք։ Դա առավելագույնն էր նախատեսված հոդվածով, որ կարելի էր տալ։
Մեր դատավարության ընթացքում ԱՄՆ նախագահ Ռեյգանի վրա կրակել էին, իսկ նա նոր-նոր ընտրվել էր, մի ամիս էլ չկար, չեմ հիշում արդեն։ Նա անընդհատ իր ելույթներում խոսում էր Խորհրդային Միությունից, Խորհրդային Միության չարագործություններից, խոստանում էր, որ պայքարելու է Խորհրդային Միության դեմ, հետո արդեն 83-ին նա էր, որ Խորհրդային Միությունը հայտարարեց չարի կայսրություն։ Երբ նրա վրա կրակել էին, Մարզպետ Հարությունյան ինձ առաջարկեց տեքստ գրել, և ես հաջորդ օրվա նիստին եկա տեքստով։
Շատ սիրուն տեքստ էի գրել՝ իմ կարծիքով։ Ես հիմա չեմ հիշում տեքստը, շատ կարճ էր, մոտավորապես մի երկու պարբերություն։ Գրել էի, որ ցավակցում ենք Ամերիկայի ժողովրդին, հույս ունենք, որ Ռեյգանը կապաքինվի և մեզ հետ կպայքարի Խորհրդային Միություն կոչվող չարիքի դեմ։ Մոտավորապես նման ինչ-որ բան էի գրել։ Եվ Սամվել Եղիազարյանն ընթերցեց տեքստը։
Դատավորը շշմած էր, ասաց՝ «բա հիմա ես ինչ անեմ», լավ հիշում եմ։ Սամվելն ասաց՝ «վերցրու, կցիր գործին»։
1960-ականների Հայ երիտասարդների միության շրջանից սկսած՝ հայրենասիրական շարժումները, որոնց առանցքը, արդեն ասացի, Եղեռնն էր, նպատակ պետք է ունենային հնարավորություն տալ հայ ժողովրդին հիշելու այդ օրը՝ ապրիլի 24-ը։ Ոչ միայն հիշելու, այլ նաև ունենալ մի տեղ, որտեղ կարելի կլինի գնալ և ծաղիկներ դնել։ Այդ վայրը մինչ այդ Կոմիտասի շիրիմն էր։ Տարբեր առիթներով մարդիկ հավաքվում էին Կոմիտասի շիրիմի մոտ։ Հիմնականում՝ ուսանողներ։ Եվ 1963, 64, 65 թվականներին՝ մինչև 1965-ի ապրիլի 24-ը, էդ խմորումները անընդհատ եղել են։
1964-ին, երբ դատապարտում էին «Յոթ հայրենասերներին»՝ Հայ երիտասարդների միության ղեկավարներին, [Կազմակերպության խորհրդի յոթ անդամներ հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա անելու մեղադրանքով դատապարտվեցին, նրանց կալանավորումը և դատապարտումը լայն արձագանք գտավ, և մարդիկ նրանց տվեցին «Յոթ հայրենասերներ» անունը], նրանցից մեկը՝ Վիգեն Բաբայանը, բանաստեղծ Վիգեն Բաբայանը, որ հետագայում ԱՄՆ տեղափոխվեց և աշխատում էր «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանում, ցավոք մահացել է 2000-ին․․․
Վիգեն Բաբայանը իր ելույթներից մեկում ասել էր, որ պետք է հիսուն հազարանոց ցույց կազմակերպել Երևանում, մարդիկ պետք է դուրս գան հիսուն հազարով և պահանջեն, որ նշվի Եղեռնը, մեր կորսված տարածքների մասին խոսվի՝ Ղարաբաղ, Նախիջևան և այլն։ Եվ դատարանում դատավորը որպես հեգնանք էր մեջբերել, և դատավճռում դա գրված է։ Նրանց դատավճիռը ես հրապարակայնացրել եմ, որ որքան կարելի է միամիտ լինել՝ մտածելու, թե հնարավոր է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում նման ցույց կազմակերպել, եթե իշխանությունները չեն դրա հեղինակը։ Այս մարդկանց դատը դեռ նոր էր ավարտվել, Հայաստանում շատ ավելի մեծ ցույց տեղի ունեցավ։ Դա շատ մեծ ցուցիչ էր՝ և՛ ժողովրդի համար, և՛ իշխանությունների համար։
Դրանից հետո մարդիկ Հայաստանում՝ Խորհրդային Հայաստանում, հասկացան, որ հնարավոր է դուրս գալ հրապարակ առանց իշխանությունների թույլտվության։ Դա շատ կարևոր էր։
1965-ը էդ ազատամտությունը բերեց ոչ միայն ուսանողական և աշակերտական դաշտ, ոչ միայն փոխեց մեր մտածելակերպը, որ մենք կարող ենք հրապարակ դուրս գալ առանց իշխանությունների թույլտվության, այլ նաև բերեց և հանգեցրեց անկախության համար պայքարի, ինչը աներևակայելի է, անպատկերացնելի։ Սա շատ մեծ պայքար է, այդ սահմանից արդեն կարելի է հաշվել նոր սահմանագիծը։
1966-ին ստեղծվեց Ազգային միացյալ կուսկացությունը՝ Հայկազ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հայկազ Խաչատրյան, Ստեփան Զատիկյան, Շահեն Հարությունյան՝ այս եռյակը ստեղծեց Ազգային միացյալ կուսկացությունը։ Արդեն բոլորովին նոր ժամանակահատված է սկսվում սրանով։ 1966-ով սկսվում է Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր ժամանակահատված, երբ ծավալվում է արդեն պայքար հանուն Հայաստանի անկախության, ոչ թե հանուն Հայաստանի կորսված տարածքների, ոչ թե հանուն Ղարաբաղի կամ Նախիջևանի, ոչ թե հանուն ես չգիտեմ ինչ բաների, այլ հանուն Հայաստանի անկախության։
Հետստալինյան շրջանն էր, մի քանի տարի էր՝ Ստալինը չկար, ազատությունների սահմաններն ընդլայնվում էին։ Մարդիկ նախ իրավունք և հնարավորություն ստացան խոսելու։ Միայն խոսելու մասին է խոսքը։ Գրելու մասին չէ, հրապարակելու մասին չէ խոսքը․ խոսելու մեր կորսված տարածքների մասին, խոսելու, ամենակարևորը, Եղեռնի մասին։ Եղեռնը որպես թեմա գոյություն չի ունեցել Հայաստանում 1920-ից մինչև 1950-ականների երկրորդ կես և անգամ վերջ։
Էդ թեմաները շատ զգացմունքային էին մեզ համար, հայերի համար, բնական է՝ էդ թեմաների շուրջ մարդիկ համախմբվում էին, զրուցում էին, քննարկում էին, և ամենակարևորը՝ էդ քննարկումներում, ի տարբերություն քառասունականների կամ երեսունականների, բանտ չէին տանում։ Սա արդեն հետաքրքիր էր։ Եվ էդ հողի վրա, արդեն ասացի, էդ տրանսֆորմացիան՝ հայրենասիրությունից ազատամտություն, ամենակարևորն է։ Հանգամանքը, որ կարելի է խոսել էդ մասին, և եթե այդ մասին խոսելիս քեզ չեն պատժում, մի քայլ առաջ ես գնում։ Եվ էդ թույլատրելի, էսպես ասած չակերտավոր ազատության ֆոնին Հայաստանում ձևավորվեց մի կազմակերպություն, որը կոչվում էր Հայ երիտասարդների միություն:
Հայրենասիրությունն էր հիմքը, որ խոսում էին Եղեռնից, խոսում էին կորսված տարածքներից, խոսում էին Եղեռնի օրը նշելու անհրաժեշտությունից։ Այսօրվա հեռավորությունից և այսօրվա բարձունքից դրանք թվում են շատ միամիտ և պարզունակ թեմաներ, բայց 1960-ականների առաջին տարիներին դրանցից ավելի լուրջ թեմա հնարավոր չէր պատկերացնել։
Ես չեմ կարող ապրել ԽՍՀՄ-ում՝ չխախտելով խորհրդային օրենքները
Վարդան Հարությունյանը ծնվել է 1961-ի փետրվարի 3-ին Հայաստանի հարավային Սերս գյուղում (Վայքի շրջան): Նա մեծացել է գյուղացու ընտանիքում։ 1978-ին ավարտել է Վայքի (այն ժամանակ՝ Ազիզբեկով) միջնակարգ դպրոցը, այնուհետև տեղափոխվել Երևան՝ շարունակելու ուսումը։ Երևանում, ծանոթանալով հայ այլախոհների հետ, ընդգրկվել է շարժման մեջ։ Մասնակցել է Հայաստանում գործող ընդհատակյա կազմակերպությունների աշխատանքներին։ Սկզբնական շրջանում Հայ ազգային միության անդամ էր, ապա դարձել է նաև ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության երիտասարդական կառույց Հայ երիտասարդների միության անդամ։
Մինչև Հայ երիտասարդների միության անդամ դառնալը՝ 1978-ին, Հարությունյանը Հայ ազգային միության անդամ էր։ Սա երիտասարդական, հայրենասիրական կազմակերպություն էր, ուներ իր կանոնադրությունն ու ծրագիրը։
1980-ին չորս ընկերների՝ Մարզպետ Հարությունյանի, Իշխան Մկրտչյանի, Սամվել Եղիազարյանի և Հովհաննես Աղաբաբյանի հետ ձերբակալվել է, ապա Խորհրդային Հայաստանի քրեական օրենսգրքի 65-րդ (հակասովետական ագիտացիա և պրոպագանդա) և 67-րդ (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաև հակախորհրդային կազմակերպությանը մասնակցելը) հոդվածներով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և երեք տարվա աքսորի։
Պատիժը կրել է Ուրալի քաղաքական գաղութներում և Մագադանի (Կոլիմա) աքսորավայրերում։ Կալանավայրում և աքսորավայրում ցուցաբերած վարքի պատճառով նրա նկատմամբ 1986-ի աշնանը հակախորհրդային ագիտացիա և պրոպոգանդա հոդվածով Մագադանի Պետական անվտանգության մարմինները քրեական նոր գործ հարուցելու համար նյութեր են նախապատրաստել։
1987-ին Վարդան Հարությունյանին առաջարկել են խնդրագիր գրել՝ սկսված քրեական գործին ընթացք չտալու և վաղաժամ արձակվելու խոստումով, սակայն նա մերժել է առաջարկը։
Ավելի ուշ նրան առաջարկել են գրավոր հայտարարել, որ հրաժարվում է հետագա քաղաքական գործունեությունից ու վաղաժամ արձակվել։ Վարդան Հարությունյանն այս առաջարկին պատասխանել է՝ «Ինչու ես ներում չեմ գրում» վերնագրով հոդվածով, որում հայտարարել է՝ քանի դեռ կա Խորհրդային Միությունը, ինքը պայքարելու է դրա դեմ։
«Ես չեմ կարող ապրել ԽՍՀՄ-ում՝ չխախտելով խորհրդային օրենքները»,- այս խոսքերով էր նա ավարտում հոդվածը։
1988-ին դատապարտման ժամկետն ավարտելուց հետո Հարությունյանը վերադարձել է Հայաստան։
2014-ին հրապարակել է «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» տեղեկատվական բնույթի գիրքը, որում ներկայացված են 1960-80-ական թվականներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժումները և ընդհատակյա կազմակերպությունները, իսկ 2018-ին՝ «Քաղբանտարկյալի պատմություն» հուշագրությունը։
Hrdinové 20. století odcházejí. Nesmíme zapomenout. Dokumentujeme a vyprávíme jejich příběhy. Záleží vám na odkazu minulých generací, na občanských postojích, demokracii a vzdělávání? Pomozte nám!