Karen Hakobyan Կարեն Հակոբյան

* 1974

  • Թերթի պատմությունը շատ հերաքրքիր էր։ Դե մի քանի բան ա հետաքրքիր։ Նախ, Ղարաբաղյան շարժման հետ կապված, մենք որոշեցինք մասնակցենք և միանանք ուսանողների հայտարարած դասադուլներին։ Դպրոցներում շատ ավելի խիստ էր։ Կոմերիտմիությունն էլ էր արգելում նման բաներ։ Մեր տնօրենը խիստ արգելել էր և շատ հետևում էր նաև մեզնից մի սերունդ մեծերին, գնալ Եղեռնի, ասենք, օրը Ծիծեռնակաբերդ, դասադուլերը արգելված էր, և այլն։ Մենք դասարանով, այ էդ ակտիվներով, որոշել ենք, որ չէ, անում ենք դասադուլ, դա պարտադիր ա։ Բայց մեր դասարանում կային նաև ռուսներ, որոնք հիմա ժամանակավոր էին Հայաստանում, թե ինչ էին, բայց ամեն դեպքում կային ռուսներ, և դասարանը իրոք միահամուռ չէր գալիս, բայց սենց հանկարծ մի ծնող զանգել էր դպրոց և բողոքել, որ ինչ ա նշանակում, ինչ դասադուլ են անում, բա` ո՞վ ա անում։ Եվ մեր դասղեկը, մի շատ ջղային դասղեկ էր, միակ տղամարդն էր երևի դպրոցի, որը ձեռքը խփելով ասեց․ «իսկ հիմա կանգնեք, ո՞վ ա էդ որոշումը կայացրել»։ Սկզբից ամբողջ դասարանն էր կանգնել։ Հետո մենք նայեցինք իրար և հասկացանք, որ պետք չի ամբողջ դասարանը կանգնի, կարան նստեն, մենք մնացինք երևի մի վեց հոգով կանգնած, և էդ վեց հոգով թուքումուրը ստացանք, բան, որ ոնց եք արել։ Բայց դա նաև ոգևորիչ էր, որովհետև հասկացանք, որ ինչ լավ բան ենք արել, ուրեմն լավ ենք արել և քանի որ դպրոցը և՛ ռուսական էր, և՛ նաև մեր դպրոցի․․․ նախ մեր տնօրենը կիրովաբադցի էր, բայց ամուսինն էլ պարտիական ինչ-որ պաշտոն ուներ Հայաստանում, և դասատուներ կային, որոնք որ էդ կողմերից էին, իսկ մեր հայոց լեզվի դասատուներն էլ դրանից ելնելով հատկապես հետևում էին, որ հայերենը լինի արտակարգ։ Ռուսներին էլ, բոլորին պարտադրում էին, որ հայերեն գրել-կարդալ սովորեն, մինչև չսովորեն բացառված էր, որ ստանային իրանց գնահատականը։ Գերազանցիկները կարող ա չդառնային գերազանցիկ, որովհետև հայերեն չգիտեն։ Մեր բոլոր ռուսները խոսում էին հայերեն, գրում էին հայերեն և պիտի կարողանային կարդալ հայերեն։ Սենց բաներ կար, և մենք էդ կողմն էինք բռնել և որոշել էինք, որ չէ՛, կապ չունի, որ ռուսական դպրոց ա և կապ չունի, որ մեր տնօրենը պարտիական ա, և այլն, որ մենք պիտի կարողանանք ցույց տալ մեր սոլիդարությունը Ղարաբաղյան շարժման հետ։ Բայց փոքր էինք, այսինքն մեր շարժման մասնակցելը ենթադրեցինք, որ այ էդ թերթ տպելով, ճշմարտությունը տարածելով և նաև այլ երկրներում։

  • Պերեստրոյկայի սկզբի հետ կապված էրկու հիշողություն ունեմ։ Այսինքն` էրկու փաստ ունեմ, ինձ համար երբ սկսվեց։ Մեկը դա 86-ի Գարբաչովի հայտնի ելույթն էր, որը սկսեց քննարկվել, կարծեմ ապրիլին, որտեղ նոր տեքստ հայտնվեց հանկարծ, ու սկսել ենք խոսել, որ անսպասելի տեքստ ա, երևի կոմունիստական կուսակցության պլենումին էր կարծեմ, ոչ թե համագումար էր, այլ պլենում, և էդ ելույթը սկիզբ դրեց նոր տեքստի, փոփոխությունների։ Ու էդ օդում էր նույնիսկ զգացվում, ուսուցիչներն էին անհանգստացած, մարդկանց ոգևորություն և անհանգստությունն իրար հետ էր, որովհետև չգիտեին՝ իսկ հետո ի՞նչ ա լինելու։ Իսկ ինձ համար սկսվել ա մի շատ կոնկրետ իրադարձությունից, որը կոչվում էր «Զբոռ ակտիվիստով պերեստրոյկի»։ Ես հանգիստ կարամ ասեմ, որ պերեստրոյկայի բանն եմ հա, կադրերից եմ, որովհետև «Զբոռ ակտիվիստով պերեստրոյկի»-ն 1988-ին տեղի ունեցավ Արտեկում, և ըտեղ մասնակցությունը մեծ իրադարձություն էր, և ես առաջին անգամ, նախ հայտնվեցի Արտեկում, դա երազանք էր, էդ թվերին միայն ծանոթով և փողով և էդ ձևերով էին հայտնվում Արտեկում սովորաբար: Իսկ ես, դպրոցից հետո ինձ կանչեցին Րաֆֆու դպրոց՝ ներկայացնելու դրուժինայի ծրագրերը, և ես ոգևորված գնացի, մոտավորապես երեկոյան ժամը 5-ն էր, 6-ն էր, բարձրացա բեմ, խոսեցի դրուժինայի խորհրդի ռեֆորմներից, ինչ ենք ուզում անենք և այլն, և հանկարծ տեսա նստողների մոտ տարօրինակ ոգևորություն ա աչքերի մեջ, բան, և հետո ինձ ասեցին, որ դու գնում ես Արտեկ, որ քեզ ընտրել են։ Դա մոտավորապես մի 7-8 հոգի էինք, Քսանվեց կոմիսարների տարբեր դպրոցներից, ենթադրում եմ լավագույն թեկնածուներն էին կանչվել։ Եվ ես էկա տուն, դուռը ծեծեցի, մաման բացեց, շատ վրդովված, թե ուր ես, դե էդ ժամանակ սոտովիներ չկար և ես բավականին ուշ էի էկել տուն, երբ որ դուռը բացեց ես ոգևորված ասեցի «ես գնում եմ Արտեկ»։ Մայրիկս շատ տխուր պատասխանեց «սպասիր տեսնենք էս աշխարհը ինչ ա լինում, ի՞նչ Արտեկ», որովհետև 88-ն էր և արդեն ինչ-որ բան սկսվել էր տենց։ Ու ես ամռանը մեկնեցի «Զբոռ ակտիվիստով պերեստրոյկի», որտեղ սկսվում է ռեֆորմները։

  • Այ էդ, որ ազգային չէին, բայց բաց էին և փոխված, հիմա հետին հայացք․․․ ես հասկանում եմ, որ «Հույսը» հենց տենց մի շատ հետաքրքիր կառույց էր, որ ազգայինը ուներ, տեղավորել էր, իրա բովանդակության մեջ կար, բայց նաև մնում էր շատ համա․․․ ինտերնացիոնալ։ Ինտերնացիոնալը շատ կարևոր էր։ Այսինքն, դու չէիր կարող․․․ արիականությունը չէր կարող հայտնվել մեր պրոցեսի մեջ, հա։ Ինտերնացիոնալիզմը դեռևս շատ կարևոր էր։ Կապերը այլ երկրների հետ, որտեղ դու քո մշակույթով ներկայանաս, բայց նաև չասես, որ իմ մշակույթն ա միակը, բացառիկը և մնացածդ հլը պիտի սովորեք, որ մեզ հասնեք, էլի։ Սենց, էս բովանդակությունը չկար։

  • Գիտե՞ս ինչ կար հաստատ, մի բան հաստատ կար, որ ես իմ մեջ դա հիշում եմ, որ արդյո՞ք բավականաչափ ենք ռադիկալ ինչքան որ պետք ա, թե՞ դեռևս կոմպրոմիսային ենք, որովհետև միևնույն ժամանակ հանրապետությունում տեղի էր ունենում, օրինակ, Ստամբոլցյանը, Մանուչարյան, բայց հատկապես Ստամբոլցյանը, մի այլ շարժում էր հակառուսական, որի մեջ մտնում էր ռուսական դպրոցների արգելքը, ռուսական կրթություն ստացածները համարվում էին այ էդ այլ, Մոսկվայի դեռևս գաղափարախոսության կրողներ, և էդ պահը կար, որ դու իհարկե մտածում ես, բայց դու ամեն դեպքում դեռևս Մոսկվայի ձևավորած կազմակերպությունն ես ռեֆորմ անում։ Հասկացա՞ր։ Չէինք առանձնացել, ոնց որ օրինակ ռիսկ արեց անի Մերձբալթյան հանրապետությունները։ Մենք դեռևս մնացինք էդ կառույցի մեջ համագործակցելով։ Ռեֆորմ արեցինք, բայց չպայթացրեցինք, էլի, կառույցը։ Գուցե էդ պահը կար, որ անհանգստությունը, որ արդյո՞ք ազգային ես բայց հայրենասիրություն իրո՞ք դրսևորեցիր էնքան ինչքան կարող էիր։ Էդ հարցը կար։ Էդ հարցը ես մինչև հիմա էլ ինքս ինձ տալիս եմ երևի, իհարկե։ Հայրենասիրությունը որտեղ ա ամբողջացված, թե՞ չի։

  • 10-րդ սլյոտը դա վերջին սլյոտն էր Համամիութենական պիոներական Լենինի անվան կազմակերպության։ Դրանից հետո դա փոխվեց և այլևս նույն անունը չուներ և նույն կառույցը չէր։ Եթե ճիշտ եմ հիշում, Մերձբալթյան հանրապետությունները հենց էդ ժամանակ ասեցին, որ չեն էլ ուզում մնան կազմակերպության մաս։ Մեր համար էլ էդ էր շատ ռադիկալ, և մենք էդ քննարկման մեջ էինք՝ թե արդյո՞ք մենք էլ անենք նույն բանը, թե՞ չէ։ Վրաստանը շատ ավելի ինքնավստահ էր իրա դրսևորման մեջ։ Հետո Վրաստանը կարծեմ նաև տարբերվում էր նրանով, որ իրանք նույնացրել էին իրանց պետության դրոշը և իրանց դրոշը։ Ու էդ հլա էն Վրաստանն էր, որ մի անգամ էլ դրոշ փոխեց։ Վրաստանը շատ ոգևորված էր իրա հակամոսկվայությամբ, բայց ընդեղ կար Աբխազիա-Օսեթիայի հարցը, որը մենք գիտեինք։ Ու դրա համար, ասենք, էլի էդքան նույնացված չէինք։ Շատ լավ հասկանում էինք իրար, որ առանձնանում էինք համամիութենական կազմակերպությունից և չենք ուզում․․․ Մենք Վրաստանի հետ նույն դիրքերում էինք, որ փոխենք անունը, բայց մնանք կառույցի մեջ։ Մոլդովան, որի կազմակերպությունը «Վատրա» էր կոչվում, Մոլդովան էլի բավականին բան էր, նույնն էր․․․ Այսինքն, գիտես, մենք կարողանում էինք էս տարբերներով տեքստ ձևավորել, իրար հետ համաձայնեցնել կետերը, և նոր էդ կետերով ներկայանալ ընդհանուր ժողովին, որպեսզի իրար հակասող բաներ չուզենք։ Այսինքն, մենք էդ դիվանագիտական պահը՝ ձևավորել նույն պլատֆորմը, նույն կարծիքը, որ մեր ազգային կառույցները հնարավորություն ունենան մնան իրանց անունով, իրանց լեզվով և ազգային կառույց, ու դա ստացվի, դրա համար մենք փորձում էինք նույնացնել մեր տեքստերը, պայմանավորվել դրա շուրջ և նոր դա բերել ժողովի հաստատմանը, որ ընդեղ չլինի հակասություններ։

  • Զարմանալիորեն Հայաստանի, Վրաստանի և Մերձբալթյան հանրապետությունների և Մոլդովայի պրոցեսները տեղի են ունեցել նույն ժամանակ, բայց առանց իրար հետ կոորդինացնելու։ Եվ կարծում եմ` հասկանում ենք ինչու, որովհետև էդ բոլոր տեղերում սկսվել էր արդեն նաև հակամոսկովյան և հակասովետական գործընթացներ, և անկախացման պրոցեսն էր նաև սկսվել։ Հանրապետությունները բարձրացնում էին տարբեր ազգային հարցեր և փորձում էին այլ կերպ նաև ներկայացնել խեղաթյուրումը, հեղափոխության, բոլշևիկների, սենց շատ բաներ։ Ու դրա մեջ մտնում էր, որ չի կարող Հայաստանի մանկապատանեական կազմակերպությունը ունենա Լենինի անունը։ Սա արդեն բացառված էր։ Նույնը Վրաստանում էր իրա պրոցեսն էղել, և պատմական էր։ Պատմական էր նրանով, որ Մոսկվան էկել էր հավաքի, 10-րդ հավաքը 1990 թվի ամռանն էր, և Մոսկվան էկել էր էդ հավաքին արդեն պատրաստ տեքստերով։ Այսինքն տպված էր արդեն նախապես ուստավը, որ պիտի հաստատեինք, հա, ամեն ինչ, ու ղեկավարը, որ պիտի․․․ ամեն ինչ, ո՞նց են գալիս պատրաստ, որ պիտի ընդամենը քվեարկես, ընդունես, գնաս, բայց մեր, էս հանրապետություններից էկած դելեգացիաների դիրքորոշումները փոխեց հավաքի ընթացքը։ Փոխեց հավաքի ընթացքը և որոշում․․․ որովհետև դեմոկրատիան հայտարված էր, գլաստնոստը հայտարարված էր, պերեստրոյկան իրականություն էր, և չէին կարող ասել «չէ՛, հիմա դա չի լինելու»։ Խաղը իրական էր։

  • Եվ ես… էդ ամբողջ հավաքի մեջ կար նաև հավաքի որոշում կայացնող մարմին, որտեղ ամեն հանրապետությունից մի երեխա էր և մի մեծահասակ։ Եվ ես ներկայացնում էի Հայաստանը։ Եվ տենց 8 հոգի էինք և մի քանի մեծ։ Էդ ժամանակ որոշվեց, որ Լենինի անունը հանվում ա․․․ Մի խոսքով մի քանի պատմական բաներ տեղի ունեցավ 10րդ պիոներական հավաքին, որը դարձավ այլ բան, դարձավ այլ անուն, և մենք տենց փոփոխություններով էկանք։ Ես դա ևս համարում եմ, որ սա Պերեստրոյկայի ձեռքբերումն էր, և ինչ եմ ուզում հիշել, էդ շատ կարևոր էր, որովհետև ես շատ ոգևորված պատմում էի, թե ոնց ենք ղեկավարելու և ոնց ա փոխվելու ամեն ինչ, և իմ ավագ ընկերներից մեկը, տավարիշ Տամառան, որը մեր դպրոցի ջոկատավարն էր և մենք մինչև հիմա էլ մտերիմ շփվում ենք, Տամառան և ես քայլում էինք Արտեկով և Տամառան ասում էր «դա հնարավոր չի», որ ո՞նց կարա սա լինի։ Ես ասում էի՝ ո՞նց չի կարա լինի, փոփոխությունը հենց մենք ենք անելու, հենց էրեխեքով ենք անելու, և այլն․․․ ի՞նչ եք անելու, բա ո՞նց ա դա լինելու և այլն։ Ուրեմն մենք էս զրույցի վրա, որ ես սենց ջղայնացած, բավականին վրդովված ասում էի․ «իհարկե անելու ենք, իհարկե կստացվի», գալիս ենք և տեսնում ենք, որ մեր էդ մի քանի հարկը, որտեղ վրացիները և հայերը իրար հետ էինք մնում, մոմերը վառած ա, և բոլորը չոքած աղոթում են։ Աղոթում են, Արմանը Բաբաջանյան «Հայր մեր»-ն էր երգում, Կոմիտասի էն էլ, և վրացիներն ու հայերը միասին աղոթում էին, մենք սենց էշացած նայեցինք, Տամառան արդեն համոզվեց, հասկացավ, որ չէ, փոփոխությունն արդեն տեղի ա ունեցել և դա հնարավոր չի կանգնացնել, որովհետև պիոներական հավաքին աղոթել «Հայր մեր»-ը էրեխեքի նախաձեռնությամբ՝ դա անհնարին էր երևակայել նույնիսկ։ Եվ էդ նույն հավաքին էր, որ «Վրեմյա»-ով ռեպորտաժ էին անում հավաքից, և ես իհարկե ինձ քցեցի կադրի մեջ, որպեսզի ողջունեմ մերոնց, և էրևացինք։ Ուզում եմ ասեմ, զուգահեռ, փաստորեն, Մոսկվան դեռևս շարունակում էր ցանկանալ ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել, բայց արդեն փոփոխությունները նենց էր, որ դա կանգնացնել հնարավոր չէր։

  • Եվ առաջին անգամ էր, որ Հայաստանը երբ որ գնալու էր համամիութենական պիոներական սլյոտի, հավաքի, Ղարաբաղը ևս միացավ Հայաստանի դելեգացիային, և մենք գնացինք միասին։ Մենք «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպեցինք, և Ղարաբաղից մի ամբողջ պատվիրակություն միացավ մեզ, և մենք արդեն միասին էինք գնացել։ Իսկ Արտեկում մենք ստեղծեցինք Հայաստանի առանձին մի տաղավար, բոլոր երկրներն ունեին, որտեղ մենք ներկայացնում էինք Ղարաբաղի խնդիրը, արդեն ներկայացնում էինք մեր նոր սիմվոլիկան և սենց սաղ գալիս էին լսելու, որովհետև հայերը լրիվ այլ ձևով էին ներկայացնում` ինչ կարա լինի մանկապատանեական կազմակերպությունը, և պիոներիա բառը էլ չկար, կար նոր սիմվոլներ և մեր դրոշն էր այլ արդեն, ամեն ինչ, և Ղարաբաղն էլ ներկայացված էր Հայաստանի հետ, և Ադրբեջանն էլ արդեն ներկայացված էր․․․ մեզնից բավականին հեռու էր, ուրիշ ճամբարում էին դրել, որ մենք հանկարծ իրար չտեսնենք և իրար չծեծենք, որովհետև շատ սուր էր հարցերը։

  • Հա, ես կարծում եմ, որ մենք էդ իմաստով տիպիկ ենք գուցե էդ թվերի ընտանիքների։ Պապան մասնակից էր էղել վաթսունականների շարժումներին ուսանողական, որոնք կառուցել էին Ծիծեռնակաբերդը արդյունքում, և էդ պատմությունները գիտեինք։ Մանրամասն չէ, բայց գիտեինք, որովհետև ընկերներով երբ որ հավաքվում էին, կուրսեցիներով, ընդեղ տենց պատմություններ հնչում էր, ու նաև հասկանում եմ, որ ըտեղ բավականին լուրջ բաներ են արել։ Եվ մեր տանը Արևմտյան Հայաստանի հարցը միշտ դրված ա եղել, բոլոր գրքերը միշտ պապան առնում էր։ Նենց չէր, որ կարդում էի կամ կարդացել էի, բայց էդ մասին միշտ խոսվել ա, որովհետև հայրիկիս կողմը ֆռանգ են, և միշտ կար էդ էրկիրը, Ալաշկերտը, սենց բաները միշտ խոսվել ա։ Իսկ մայրիկիս կողմը ստալինյան ռեպրեսիայի ենթարկված պապիկ ունեին, ըը, որի մասին էլ միշտ ցավը էդ հնչել ա, և արդեն էդ պերեստրոյկայի տարիներին, ես շատ լավ հասկանում էի, ինչ եղավ, իսկ նաև պերեստրոյկայի տարիներին էր, որ նրանց երկու քույրը, էդ պապիկի այսինքն երկու աղջիկը գնացին Կա-Գե-Բե և հանեցին ֆայլերը և էդ ժամանակ հանկարծ պարզեցին, որ իրանց հորը գնդակահարել են հենց էդ թվին, իսկ նրանք տարիներ շարունակ սպասել են, որ իրանց հայրը պիտի գար։ Եվ ես շատ լավ հիշում եմ էդ ցավը, որ․․․ ընդունված էր, որ Կոմունիստական կուսակցությունը տարավ մեր հորը, հա, տենց էին իրանք ընկալում։

  • Մենք միանգամից ընդգրկվեցինք Ղարաբաղյան շարժման պրոցեսներին, որովհետև դա զուգահեռ պրոցեսներ էր։ Ուրեմն, պերիստրոյկան հռչակել էր սամաուպրավլյենիե, գլաստնոստ: էրկու էդ թեզերը։ Գլաստնոստը մենք վերցրել ենք հենց այդպես, որ պտի ունենանք մեր թերթը, մեր ռադիոն և գրենք ինչ որ ճիշտ ա։ Ձևավորվում էր բաներ, հա, նու չեմ ուզում ասել ժուռնալիստներ, բայց ռիփորթ անողներ, այսինքն մարդիկ, ովքեր հենց դպրոցից, դասարաններից կասեին։ Բայց բացի էդ ձևավորեցինք․․․ մեր դասարանը առանձնանում էր նրանով, որ մենք մի խումբ էրեխա, որոշեցինք ստեղծել մեր թերթը։ Եվ էդ մեր թերթը զուգորդեց նրան, որ ռուսական տանկերը մտան Երևան, և պարետային ժամ էր մտնում կարծեմ, թե մտավ արդեն, և մենք որոշեցինք գնանք հարցազրույցներ վերցնենք զինվորներից, տանկերի մոտ։ Եվ մեր ծնողները իհարկե չգիտեին։ Եվ մենք գնում էինք, ձայնագրիչ չունեինք, ոչինչ չունեինք, թուղթ ու գրիչը առնում էինք և սկսում էինք հարցնել և գրել՝ խի՞ եք էկել, բա որ դուք գալիս էիք ձեզ ի՞նչ են ասել, և այլն։ Հետո դա դարձնում էինք հոդված՝ ինտերվյուի տեսքով և ուզում էինք տպել։ Ուզում էինք տպելն էլ էկավ-հասավ նրան, որ թերթը տպեցինք ամռանը, արդեն մոտավորապես դրանից մի տարի հետո, երևի ամռանը, արճիճով, թաքուն, Նոր Հաճնի Բրիլիանտի գործարանում, որտեղ գնացինք տենց մի օր, տենց չերեզ-չերեզ հարցրեցինք որտեղ ինչ կար տենց ծիպագրաֆիա, և շատ լուրջ թերթ տպեցինք, անունն էլ դրեցինք «Մի խոսքով»։ Շատ երկար անուն էինք փնտրում։ Դրա առաջին օրինակը եղավ ձեռով գրած վերսիա, դասարանի համար, դպրոցի, հետո եղավ տպված վերսիա, և ես, արդեն երևի իննսուն թիվն էր, կամ ութսունինը, չէ, դեռ վերջին դասարան էինք, ես գրանցվեցի, իրոք, օֆիցիալ, առաջի գլխավոր խմբագիր էի, օֆիցիալ, գաղտնիության թուղթն էլ կա, որ պտի սենց, տարբեր բաներ կար, դեռ սովետ էր, և ես թերթի գլխավոր խմբագիր էի 16 տարեկանում, շատ ոգևորված ու շատ վստահ, որ տենց էլ պիտի լինի։

  • Փոխում էինք շատ բան։ Ստեղծում էինք մեր թերթը, թերթում տպվում էր մեր դպրոցի առօրյան, մենք մեր ուժերով որոշել էինք թատրոն բեմադրեինք, արդեն մենք մեր ձևով կապվել էինք Կիևի հետ և փորձում էինք գնալ փառատոնի։ Էդ մասին ծնողները չգիտեին։ Տենց մի շարք բաներ էր կատարվում, որ շատ լուրջ էինք ընդունել ինքնավարությունը որպես երևույթ։ Իսկ Դրուժինայի խորհրդով նաև հասանք բյուջեի ուսումնասիրմանը, ես գնացի մինիստրություն, այս ժամանակ Լուսավորչության նախարարի մոտ, և պարզեցի, որ քսան հազար ռուբլի փոխանցվել ա մեր դպրոցին, նոր բան, սպորտային տարածք ստեղծելու համար, սպորտային տարածքը չէր ստեղծվել, և ես եկա և էդ հարցերը դրեցի տնօրենիս առաջ, որ՝ ու՞ր ա փողերը։ Շատ հետաքրքիր բան էղավ։ Տնօրենը անմիջապես իհարկե ջղայնացավ, հասկացավ, որ ստեղ մենակ ինքը հարցը չի կարող լուծել, ձայն բարձրացնել չի կարող, որ երևույթները ավելի են բարդացել, քան իրան թվում ա, և փորձեց դրա շուրջ քննարկում, իսկ քննարկումը ավելի բարդ էղավ, որովհետև դա արդեն Կոմերիտմիության բանն էր։ Ես նաև հետո Կոմերիտմիության քարտուղարն էի, և արդեն Կոմերիտմիության կոմիտեն հավաքվեց և սկսեց տնօրենի առաջ իրոք բարձրացնել բոլոր հարցերը, և տնօրենը հանկարծ հասկացավ, որ ես մենակ չեմ, դա մենակ իմ ամբիցիան չի և սուտ չի, և պերեստրոյկայի մի սերունդ էր արդեն ձևավորվում և մենք շատ ոգևորված փորձում էինք ինքնակառավարել մեր դպրոցը, մեր դպրոցի առօրյան, մեր դպրոցի բյուջեն։

  • Ոգևորիչ, շատ ոգևորիչ էր էդ ժամանակ։ Եվ ինձ համար շարունակում ա մնալ շատ ոգևորիչ և հեղափոխական։ Կոնկրետ գործողություններ անել էդ տարիքում, դեռևս Սովետական Միությունում, դա մեծ բան ա տալիս, ուժ, նաև հետո համակարգերի հետ, դեմ պայքարելու, որովհետև տեսել ենք, ոնց էդ ամբողջ մի մեխանիզմ վերաձևակերպվեց։ Ինձ համար հեղափոխական էր նաև պերեստրոյկան, որովհետև էդ նույն Լենինը, որը որ «վ տեբյե ի վո մնյե» էինք երգում, հանկարծ «Օգոնյոկ»-ները սկսեցին տպել մի շարք հոդվածներ կոռուպցիայի և խեղաթյուրման, Լենինի և հեղափոխության մասին այլ կարծիք սկսեց տպվել, և հանկարծ նորից սկսեց գրվել, թե ինչ են արել Բուխարինի հետ, մյուսի հետ, ռեպրեսիաները ստալինյան և նաև մինչստալինյան սկսեցին տպվել։ Հետաքրքիր բաներ էր գրվում էդ ժամանակ։ Եվ էկանք հասանք մի դասարան, որտեղ պատմության ուսուցչուհին ասեց «դա ավելի լավ Կարենը կպատմի», որովհետև ես Ստեփանավանից խանութից առել էի «Խրիստամատիա պո իստորիի ԿՊՍՍ», որը տպվել էր արդեն պերեստրոյկայի ժամանակ, դա կարդացել էի, և արդեն դասատուից ավելի շատ և ավելի ռիսկով գիտեի, թե ինչ ա կատարվել էդ թվերին, և տենց ոգևորված պատմում էի և փոխում։

  • Տես, ճամբարը, ըստ էության ճամբարը և կազմակերպիչները, երևի ստացել էին հանձնարարություն Պոլիտբյուրոյից, որ պերեստրոյկա ա, պիտի դուք էլ ինչ-որ բան անեք, պինոներիան պիտի վերափոխվի, բայց դեռևս չէին հավատում, որ երեխաները իրանք կարան մասնակցեն տեքստի գրելուն, ու կանչել էին էրեխեքի, էդ էրեխեքին տենց ընտրել էին ամբողջ Սովետից, ակտիվ, հետաքրքիր, բայց նաև հետները բերել էին կոմերիտական մեծերին, որ էրեխեքը սենց իրանց համար պիտի ապրեին, երգեին, պարեին, արտեկյան հանգստանային, իրանց անունից էլ մի խումբ մեծահասակներ պիտի նստեին, մեթոդաբանությունը որոշեին և ռեֆորմները որոշեին։ Ինչ տեղի ունեցավ, որ մենք ամեն դեպքում մեր դրուժինայում նույն կերպ, ոնց որ հետո ասում եմ տեղի ունեցավ Հայաստանի հավաքի ժամանակ, պերեստորյկայի ակտիվիստների ժողովը, հավաքը, մեզ հնարավորություն տվեց, որ չէ՛, մենք չենթարկվեցինք, ձևավորեցինք, մեր դրուժինայի խորհուրդը ինքը որոշեց իրա առօրյան, փոխեցինք շատ բաներ, հակադրվեցինք, և՛ Արտեկի ղեկավարությանը, և՛ մեր ջոկատավարներին, ու այլ ձևով ընթացավ մեր կենցաղը։ Քննարկումները, մրցույթները, մեր առօրյան, մենք վերցրեցինք մեր ձեռքը։ Չեմ կարծում, մեզ էդ ժամանակ տեքստ չէին տվել, որի շուրջ աշխատեինք, թե չէ դա էլ կարող էինք անել, բայց էդ ժամանակ տենց պրոցես չկար։ Գուցե մեր դրուժինայի խորհրդի նախագան մասնակցում էր։ Ես իրա հետ, ինքը նախագահն էր, ես՝ տեղակալը, ես էդ տղու հետ երկար տարիներ նամակագրության մեջ էի, ու նամակագրությունը դրա շուրջ էր։ Մենք կիսվում էինք իրար հետ․ իսկ ի՞նչ տեղի ունեցավ ձեր դպրոցում դրանից հետո, ի՞նչը փոխվեց, հիասթափություններ և այլն։ Սենց լուրջ տեքստեր էինք գրում, հա։ Տեղի ունեցավ էդքանը, որ մենք մեր ձեռքը վերցրեցինք մեր կոնտեքստը և մենք սկսեցինք որոշել մեր առօրյան, այդ թվում Արտեկի նաև ճաշարանի սպասարկումը անում էինք մենք, ջոկատները բաժանվում էին իրար․․․ մի խոսքով տարածքը կառավարում էինք մենք։ Առաջ տարածքը չէին կառավարում Արտեկի էրեխեքը։ Էլի շատ ակտիվ ա քո համար, այսինքն հորիզոնտալ, ամեն ինչ ստեղծված ա, որ դու քեզ զգաս շատ լավ և ինքնուրույն, բայց ոչ կենցաղդ որոշելու մակարդակով։

  • Հիմա եմ հասկանում, թե ինչքան տարբեր էինք, որովհետև նույնիսկ Արտեկի ջոկատավարները, մեզ հետ էկավ տենց մի պահ, որ հիշում եմ ջոկատավարը ջղայնացած ասում էր․ «էյ վի, պերեստռոյշիկի», որովհետև խառնել էին բոլոր պրոցեդուրաները, օրենքները, տրամաբանությունները և հանկարծ դեմոկրատիան հայտնվել էր երեխաներ ձեռքը, և մենք ղեկավարում էինք մեր իսկ առօրյան։ Ու ընդեղ էլ արեցինք արդեն էլի պերեստրոյկայի որոշ բաներ։ Սամաուպռավլյենիան դարձավ իրականություն, արագ ձևավորեցինք նույն տարիքային խմբի մեջ նոր իդեաներ և սկսեցինք պահանջել, որ դա իրականություն դառնա։ Էդ էր պիրիստրոյկայի սկիզբը ինձ համար, կոնկրետ էդ իրադարձությունն էր։

  • Celé nahrávky
  • 1

    Yerevan, 31.10.2023

    (audio)
    délka: 01:37:13
    nahrávka pořízena v rámci projektu Shared Memories - Visegrad and South Caucasus
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

Երաժիշտ, հետազոտող, իրավապաշտպան

Կարեն Հակոբյան, 2024
Կարեն Հակոբյան, 2024
zdroj: Post Bellum

Կարեն Հակոբյանը երաժիշտ, հետազոտող և իրավապաշտպան է, որը բնակվում է Նյու Յորքում և Երևանում: Ծնվել է 1974 թ․, Երևանում։ Կարենի պատանեկության տարիներին՝ վերակառուցման ժամանակ, նա ընտրվել է մասնակցելու 1988 թ․ Ղրիմի «Արտեկ» ճամբարում կազմակերպվող «Վերակառուցման ակտիվիստների հավաքին», որտեղ ակտիվորեն ընդգրկվել է Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության վերափոխման/բարեփոխման աշխատանքներին՝ մասնավորապես հայկական կազմակերպության բարեփոխումներին։ Ընկերների հետ միասին Կարենը նախաձեռնել է ինքնահրատ թերթ, որն այնուհետև Օպերայի հրապարակում բաժանել են Ղարաբաղյան շարժման մասնակիցներին։ Հետագայում Կարենը ակտիվորեն ներգրավված է եղել անկախ Հայաստանի տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում, այդ թվում՝ բանակում ծառայողների իրավունքների պաշտպանությանը։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, Սանկտ Պետերբուրգի Հանրային ծառայության ակադեմիան, ինչպես նաև Նիդերլանդների Տվենտեի համալսարանը։ «Ինչպես գաղութացնել ազգը 19 քայլով» իր հրապարակմամբ՝ հրավիրվել է Վենետիկի բիենալեի «Ատլանտիս 11» նախագծին, մաս է կազմել Documenta 13-ի «և և և» նախագծի՝ ելույթ ունենալով «Ինչպես ողջունել առավոտը և մտնել գիշեր»։