Arman Grigoryan Արման Գրիգորյան

* 1960

  • Ես, օրինակ, ես չէի հավատում, որ կարողա ընտրություններում կոմունիստները պարտվեն: Բայց արի ու տես, որ պարտվեցին: Մանիֆեստը, որ գրած ա շատ պեսիմիստական ա, այսինքն տենց է, որ ես, օրինակ, իսկապես թվում էր, որ էս կոմունիստները կկրակեն, բայց չեն հանձնվի, բայց տենց եղավ, որ ՀՀՇ-ն հաղթեց:

  • Շավարշ Խաչատրյանն ինքն էր մասնակցում էդ Երրորդ հարկին, տենց աբստրակտ, մետաղյա գործեր էր: Ասեց, որ ուրեմ Պանևեժիս քաղաք կա Լիտվայում, այ էդ քաղաքում ինքը խոսել ա, որ ընդեղ կա ցուցասրահ, ընդեղ կարող ենք անել ցուցահանդես: Տենց մի խմբով արվեստագետների գնացել էինք: Տարանք ցուցահանդես։ Ըտեղ Քիքին հյուրանոցում ասեց Արման, լավ վերնագիր ա «Երրորդ հարկը», արի պահպանենք, խումբ լինի, գրենք մանիֆեստ, գնանք էրեխեքին կարդանք, տեսնենք՝ ով կուզենա: Գրեցինք՝ մի տողը ես, մի տողը ինքը: Իհարկե տենց ցնցող վերնագրով մեռած արվեստի մանիֆեստ: Բոլորը հավանեցին՝ հաա, էկեք անենք։ Որ էկա, ես դիմում տվեցի, որ ուզում ենք անենք ցուցահանդես: Դե խմբակային, և դա, ուրեմն, ես ուզեցի Գյումրիում։ Թե տեղ չկար Երևանում, բայց Գյումրիում կար․․․ Մի խոսքով էդ Գյումրիի դահլիճը լավն էր: Ընդեղ ռեկտրը Լաչիկյան Սամվելն էր ոնց որ թե, որի հետ ես սովորել եմ նաև, ու դա շատ լավ ցուցահանդես էր: Առաջինը, որ իբրև խումբ «Երրորդ հարկը» եղել ա 88-ի մայիս ամսին ՝ մայիս-հունիս, էդ տենց, Լեննականում, էն ժամանակ Գյումրի չէր: Արդեն միտինգները սկսել էր: Ես տենց, սաղ մեդալներ էր սովետական իմ վրա սենց կպցրած: Քայլում էի փողոցով, մարդիկ գալիս էին կպցնում էին, ավելացնում էին մեդալներ․․․ Գիտե՞ք, նենց հակասական շրջան էր էդ Ղարաբաղի շարժումը: Մի մասը կուզենար Սովետը մնար, որ էդ հարցը տենց լուծեր, մի մասը՝ կուզեր Սովետը չլներ: Օրինակ՝ ես մի պահ տենց Հայրիկյանին, հա, շատ էի համակրում, որ նա անկախությանը կողմնակից էր, բայց ոնց որ թե էդ պահին անկախության գաղափարը էդքան տենց պոպուլյար չէր: Հիշում եմ, որ կպցնում էինք, հա, լոզունգներ օպերայի մոտ, ստեղ: Մեզ ասում էին՝ ի՞նչ եք անում, դա պրովոկացիա է, և այլն․․․ այ էդ տեսակ․․․ շատ դժվար ա ինչ որ բան ասել, էս սովետահայ պատմությունը շատ բարդ ա:

  • Նայեք, գաղափարը, ասում եմ էլի, նենց անենք, որ էն տրադիցիան, որը եղել ա, և կանգնացրել են, հա, այսինքն ինշխանությունները բռնի ձևով, ռեպրեսիաներով, ցենզուրայով կանգնացրել են, այ էդ տրադիցիան, ժամանակակից արվեստի տրադիցիան, վերսկսել և շարունակել: Հիմա դա ամբողջական, ուրեմն, պատկեր չէր տալի։ Միշտ կային, ուրեմն, ֆիգուրատիվ, հա, ոչ ֆիգուրատիվ, կոնցեպտուալ, այ էս տեսակ հարցեր։ Եվ նայի՛, մենք նույնիսկ արել ենք պերֆորմանս «Անդրշիրիմյան աշխարհից ողջույն նկարիչների միությանը» 1988 թվին, որտեղ ամեն մեկս տենց պերսոնաժներ էինք մերժված մարդկանց, որը սոցռեալիզմը մերժում էր պատկերել, ընդունել, որ տենց մարդիկ ընդհանրապես կան։ Օրինակ՝ Աֆղանստանում զոհված զինվոր, կամ, ասենք թե, չգիտեմ, պանկ լինելու համար ծեծ կերած երիտասարդ: Մի խոսքով, այ էդ տեսակ պերսոնաժներ։ Եվ դա, էդ մեր պերֆորմանսը, որովհետև 88-ի սեպտմեբեր ամիսն էր, թե՞ հոկտեմբեր․․․ մի քանի ամիս հետո եղավ երկրաշարժ, դա ընկալվեց իբրև կանխատեսում երկրաշարժի: Այսինքն բոլորովին էլ․․․ արվեստը ավելի ակտուալ են մարդիկ ընկալում, հա, կապված էսօրվա հետ: Թէ չէ էդ տեսակ հարցեր, ոնց որ արվեստագետները դնում են, տենց ինչ-որ տրադիցիա վերականգնել, ինչ-որ բան զարգացնել, ավելի արվեստաբանություն, օրինակ՝ Նազարեթի [Կարոյան] համար շատ պրինցիպիալ հարց էր, որ ըլնենք կուրատորներ: Ես, օրինակ, ելույթ եմ ունեցել համագումարին Նկարիչների միության [19]87 թվի, որտեղ բացատրում էի, որ ցուցահանդեսը ժյուրիով չեն անում, դա սպորտ չի: Ցուցահանդեսները անում են կուռատորներով, համադրողներով, որ լինել ցուցահանդես կազմակերպող, դա արդեն արվեստի մի գործ ա:

  • Ես ավարտել եմ Գեղարվեստաթատերական ինստիտուտը։ [19]79-ին ընդունվել եմ, 1985-ին ավարտել եմ, և անմիջապես սկսվել ա պերեստրոյկան: Մի քանի ցուցահանդեսների էդ նոր ավարտած իմ ընկերների հետ փորձել ենք մասնակցել Նկարիչների միությունում, չի ստացվել: Հետո քննարկումներից մեկի ժամանակ, [19]86 թվականի աշնանը, որը հենց Նկարիչների միությունն էր քննադատում, Սարգիս Մուրադյանն էր, ուրեմն բանը, միության նախագահը, ես էլ ասեցի դուք կազմակերպել չգիտեք, դրա համար էլ վատ ցուցահանդեսներ եք կազմակերպում, այ մենք կազմակերպեինք, լավ կլիներ, և առաջարկեցին, որ ես կազմակերպեմ։ Բայց ինչպես միշտ նորմալ դահլիճ, ցուցասրահ չտվեցին: Տվեցին կոնֆերանս-դահլիճը 3-րդ հարկի, այստեղից էլ այ էդ «Երրորդ հարկ» շարժման, ուրեմն, անունը, և քանի որ դա տենց ցուցասրահ չէր, ես որոշեցի,որ 6 օր տևողությամբ կցուցադրենք արգելված այն ամենը, ինչ արգելված ա, հա, Սովետական Միությունում, ասենք ինչը չի ընդունվում՝ գրականության մեջ, երաժշտության և այլն, մոդեռն երաժշտություն, չգիտեմ՝ պանկ երաժշտություն, էն ժամանակ նոր էր բռեկ-դանսը․․․ Մի խոսքով դա ուրեմն առաջին 3-րդ հարկն ա, որից հետո մենք ձևակերպվեցինք իբրև «Երրորդ հարկ» խումբ, ու արել ենք ևս մի 6 հատ ցուցահանդես, մոտավորապես մի 7 հատ ցուցահանդես ա արել Երրորդ հարկը մինչև [19]94 թվականը, խաղաղության առաջի զինադադարը: Հենց ցուցահանդեսը կոչվում էր «Պացեֆիկ», խաղաղությանն էր նվիրված, ու 10 օր հետո կնքվեց զինադադարը, առաջի, ուրեմն, Հայ-ադրբեջանական պատերազմում:

  • Միշտ առաջանում ա էդ հարցը, թե որտեղից են արվեստագետները իմացել: Այսինքն, թվում ա, թե Սովետական միությունը սարսափելի փակ երկիր ա էղել: Իրականում ինքը փակվել ա 34 թվից, կարծեմ: Այսինքն, մինչև 34 թիվը եղած բաները՝ կուբբիզմ և այլ, և այլ և այլն, էս բաները կային, կամ Կանդինսկու գրած «Հոգևոր արվեստը», և այլն: Ինչքան ել որ դա ռեպրեսիայի ենթարկվել ա, այնուամենայնիվ էդ հիշողությունները կային: Դրանից հետո, ուրեմն, մի հատ շերտ կար մարդկանց, որոնք ունեին էդ առավելությունը և կարող էին գնալ արտասահման, և նրանք մեր հարևաններն էին: Ասենք, կարող ա հենց էդ 70 թվին գնային և «Ջիզիս Քրայսթ սուպերսթար»-ի ալբոմը բերեին: Հենց էդ կոմպոզիտորները, որոնք դուք գիտեք որպես սոցռեալիստ, ասենք թե, ասենք՝ Առնո Բաբաջանյանը, հիմա՝ համ տենց, չէ՞, սովետական էստրադա և այլն, բայց նաև ավանգարդ գործեր էին գրում․․․ նենց հետաքրքիր ա էդ․․․ ու սենց մրցում էին, ասենք, Տերտերյանի հետ: Այսինքն էդ հարցը, այնուամենայնիվ պատկերացրեք, որ սովետական արվեստագետը իրան երևակայում ա, որ ո՞նց թե, մեր երկիրը առաջադեմ ա, մենք Գագարին ենք ուղարկել, չէ՞, ուրեմն ո՞նց կարող ա մենք հետամնաց լինենք:

  • Նայի, պատկերացրեք իմ պապայիս սերունդը, պապայի, մամայի, դա ազգային ոճի ձևավորման փնտրտուք է: Իրանք ուզում էին նենց ոճ, որ լինի ժամանակակից, բայց զգացվի, որ դա հայկական ա: Ու իմ պապայի համար մեծ հպարտություն էր, որ ինքը կարող ա Մոսկվայում, Պետերբուրգում, կամ չգիտեմ, ուրիշ քաղաքներում, կանգնի փողոցում նկարի, մարդիկ գան ասեն` սա հայկական նկարչություն ա: Ասեր՝ տեսաք, ես կարողացա: Այսինքն մի հատ ոճ ունենա, որ հեռվից էրևա, որ դա հայակական ա: Էդ, որ երկու գույնի հարաբերությունը ժիվապիս ա, բան, իրանք իսկապես տարված էին դրանով: Ես կարծում եմ, որ դա նույնիսկ իրանց հաջողվել ա: Էսօր էլ։ Թվում ա էդ գունային հարաբերությունները և այլն, ինչ-որ մի բան կա, թե աչքեր նկարելու ոճը․․․ Երևի գիտեք, ասենք բանը, էն «Կախարդական լավաշ» մուլտը իմ հայրիկն ա նկարել, իբրև շատ հայկական: Չէ՞, որ նայում ես, ասում ես՝ ահա, այ սա հայկական մուլտ ա։

  • Իմ հայրը Ալեքսանդր Գրիգորյանն ա նկարիչ, իսկ մայրը` Արփենիկ Ղափանցյանը, նույնպես նկարիչ: Ծնողներս եղել են 60-ական թվերի ձնհալի տարիների արվեստագետներ, հայկական մոդեռն արվեստի 2-րդ ալիքի, ուրեմն, սկսողներ, որ կոչվում ա վաթսունականների արվեստագետներ: Իրենց սերնդի ջանքերով, նաև իրենց անմիջական մասնակցությամբ, Հայաստանում բացվել է Ժամանակակից արվեստի թանգարան, այսինքն մի հատ 62 թվին եղել ա ցուցահանդես, որը կոչվել ա «Հինգի ցուցահանդես», մասնակցել են իմ հայրը, մայրը, Մինաս Ավեստիսյանը, Սիրավյան Հենրիկը և Լավինյա Բաժբեուկ-Մելիքյան: Դա հայտնի ցուցահանդես ա, «Հինգի ցուցահանդեսը», որից 10 տարի հետո բացվում ա ժամանակակից արվեստի թանգարանը: Դա մի էսպես ֆենոմենալ բան էր խորհրդային ամբողջ տարածքում, մի հատ սենց իհարկե բացառությամբ, որ մեր ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում էին միայն հայ արվեստագետներ:

  • Celé nahrávky
  • 1

    Arménie, 20.08.2023

    (audio)
    délka: 01:45:31
    nahrávka pořízena v rámci projektu Shared Memories - Visegrad and South Caucasus
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

Նկարիչ, արվեստի քննադատ, «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիրներից (1987-1994)

Արման Գրիգորյան, 2024
Արման Գրիգորյան, 2024
zdroj: Post Bellum

Արման Գրիգորյանը հայտնի արվեստագետ, համադրող, մանկավարժ և մտավորական է, հայ ժամանակակից արվեստի առաջատար դեմքերից։ 1985-ին ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ նախաձեռնել և հիմնել է «3-րդ հարկ» շարժումը (1987-1994), որը դարձավ Խորհրդային Հայաստանից անկախ Հայաստան անցումային շրջանի հեղափոխական արվեստի առաջատար շարժում։ Որպես համադրող՝ իրականացրել է ավելի քան 30 ցուցահանդես, այդ թվում՝ Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի համադրումը (2013թ., Վենետիկ, Իտալիա): Արման Գրիգորյանը ծնվել է 1960 թ., Երևանում, նկարիչներ Ալեքսանդր Գրիգորյանի և Արփենիկ Ղափանցյանի ընտանիքում։ Նրա ծնողները ձնհալի տարիների նկարիչներ էին, այսպես կոչված, «վաթսունականների նկարիչներ»: Արմանը կարծում է, որ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծումը հնարավոր է եղել իր ծնողների և նրանց սերնդի ջանքերի շնորհիվ։ Նախ, 1962 թ․ կազմակերպվեց «Հինգի ցուցահանդեսը» Մինաս Ավետիսյանի, Հենրիկ Սիրավյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և Արմանի ծնողների՝ Ալեքսանդր Գրիգորյանի ու Արփենիկ Ղափանցյանի մասնակցությամբ։ Ցուցահանդեսից տասը տարի անց բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը, որն իր տեսակի մեջ առաջինն էր համարվում ԽՍՀՄ-ում և իր ժամանակին բացառիկ մի բան էր։